Մարդու իրավունքների պաշտպանն անակնկալ այցելել է Երեխաների աջակցության «Զատիկ» կենտրոն: Արձանագրվել են խնդիրներ, որոնց մի մասը համակարգային է և բնորոշ երեխայի խնամք ու պաշտպանություն իրականացնող բազմաթիվ այլ հաստատությունների։ Ըստ ՄԻՊ գրասենյակի՝ պահպանված չէ անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակմակերեսը, բավարար տարածքի բացակայության պատճառով տղաները ժամանակավոր տեղափոխվել են աղջիկների մասնաշենք: Սենյակներում բացակայել են կողապահարանները, 3 կամ 4 անձի համար եղել է հագուստի միայն 1, այն էլ ոչ պիտանի պահարան: Արձանագրվել են նաև հիգիենիկ պայմաններին առնչվող խնդիրներ:
Սանիտարահիգիենիկ պայմաններն ապահովված չեն. հագուստի, այդ թվում՝ ներքնազգեստի լվացքն իրականացվում է առանց անհատականացման և անհրաժեշտ տեսակավորման: Երեխաների համար առանձնացված խոհանոցում առկա բաժակները չեն համապատասխանում երեխաների թվաքանակին. 14 երեխային հատկացված է 6 բաժակ: Անկողնային պարագաների, սրբիչների, սանրերի անհատականացումն իրականացվում է առանց համապատասխան նշումների:
Պաշտպանն արձանագրել է նաև, որ կենտրոնն ապահովված չէ երեխաների տարիքային խմբերի առանձնահատկություններին համապատասխանող անվտանգ, զարգացման համար անհրաժեշտ պայմաններով: Դասապատրաստման համար տարածք և համապատասխան կահույք հատկացված չեն:
Ներդրված չէ երեխաներին վերաբերելի հարցերում նրանց մասնակցության, լսված լինելու իրավունքի ապահովման, բողոքարկելու իրավունքի իրացման իրական հնարավորություն: Բողոքների և առաջարկների համար նախատեսված արկղը դրված է հաստատության վարչական աշխատանքների համար նախատեսված հատվածում, որի մասին երեխաները տեղյակ չեն: Արձանագրվել են երեխայի՝ ընտանիքի հետ շփման ապահովման, ընտանեկան կապերի պահպանման վրա ազդեցություն ունեցող միջամտության դեպքեր: Երեխաների և ծնողների տեսակցությունները, հեռախոսային խոսակցությունները հաճախ տեղի են ունեցել աշխատակիցների ներկայությամբ:
Շենքային պայմանները, ըստ ՄԻՊ-ի ուսումնասիրության, հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքներին: Այցի պահին հաստատությունում բացակայել է առաջին բուժօգնության պայուսակը: Բուժծառայությունների համար նախատեսված տարածքում միակ գործող սենյակը միաժամանակ ծառայում է որպես ընդունարան, բժշկի աշխատասենյակ և հերթապահ բուժքրոջ հանգստի սենյակ: Ներդրված չէ նաև երեխաների բժշկական փաստաթղթերի վարման միասնական ձևաչափ։ Պաշտպանի գրասենյակի արձանագրմամբ՝ կենտրոնն ապահովված չէ երեխաների փոխադրումների համար տրանսպորտային միջոցով, ինչն էապես սահմանափակում է հասարակության հետ շփումները:
Երեխաների կարիքների գնահատման առկա գործընթացը չի երաշխավորում դրանց իրական և անհատականացված լինելը, որը պայմանավորված է նաև մասնագետների համար մասնագիտական և երեխայակենտրոն մոտեցումների վերաբերյալ ուղեցույցների, մասնագիտական աշխատանքի ձևաչափերի կամ այլ կարգավորումների բացակայությամբ։ Խնդիրներ կան երեխային խնամատար ընտանիք հանձնելու, և խնամքը կազմակերպելու գործընթացում: Գրանցվել են դեպքեր, երբ նույն երեխայի խնամքը երկու անգամ տարբեր խնամատար ընտանիքում է կազմակերպվել, որոշ ժամանակ անց այդ ընտանիքները հրաժարվել են երեխայի խնամքը իրականացնելուց, ինչը հոգեբանական տեսանկյունից երեխայի վրա բացասաբար է ազդել։
Կենտրոնում օբուդսմենին հայտնել են աշխատակիցների կողմից երեխաների նկատմամբ, երեխաների կողմից աշխատակիցների նկատմամբ և երեխաների միջև ֆիզիկական ու հոգեբանական բռնության դրսևորումների մասին: Խոհանոցում հայտնաբերվել են ժամկետանց ալյուր և կարմիր պղպեղ, հիգիենայի և մաքրման միջոցներ, մսամթերքի վրա բացակայել է ժամկետի նշումը: Պաշտպանը բավարար չի համարում նաև հաստատության աշխատանքային պայմանները:
Մարտի 29-ին էին դիտորդները այցելել «Զատիկ» և զեկույցով 29 հրատապ առաջարկ ներկայացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ բռնության դեպքերի մասին երեխաների մտահոգիչ պատմություններից մինչև հիգիենայի վերաբերյալ մի շարք խնդիրներ:
Խնդիրները կամփոփվեն և լուծման առաջարկներով կներկայացվեն իրավասու մարմիններին: