ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր մասնակցել է «Անցում ցածրածխածնային ոռոգման տեխնոլոգիաներին Հայաստանի Լոռու և Շիրակի մարզերում արտադրողականության բարձրացման, պարենային ապահովության և կենսամակարդակի բարելավման համար» ծրագրի շնորհանդեսին, որը ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից և իրականացվում համատեղ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։
Ինչպես տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից՝ ներկա էին նաև շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուսիման և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։
Ծրագրի նպատակն է աջակցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի՝ «2021-2030 թթ․ ազգային մակարդակով սահմանված ներդրումների» իրականացմանը, որի շրջանակներում նախատեսվում է Լոռու և Շիրակի մարզերում նվազեցնել գյուղատնտեսական հողերի ոռոգման համար էներգիայի օգտագործումից առաջացած ածխաթթու գազի արտանետումները, աջակցել կայուն գյուղատնտեսությանը և ավելացնել ոռոգվող հողատարածքները, ինչը կնպաստի փոփոխվող կլիմայի պայմաններում ավելի դիմակայուն գյուղատնտեսությանը և պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը։ Ծրագիրը կաջակցի նաև Հայաստանի կառավարությանը Շիրակի և Լոռու մարզերում ջրային ռեսուրսների կառավարման համակարգի բարելավման գործում:
Նախարար Սանոսյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին և կարևորել ծրագրի մեկնարկը։ «Նմանատիպ ծրագրերը շատ կարևոր են և թիրախային։ Ծրագիրը երեք կարևոր բաղադրիչ ունի՝ ջրի արդյունավետ օգտագործումը, էներգիայի խնայողությունը և գյուղատնտեսական նշանակությունը։ Բոլորիս հաջողություն եմ մաղթում, որպեսզի պատշաճ ժամկետներում և նախանշված ուղղություններով աշխատանքները իրականացնենք»,- ասել է նախարարը։ Բացման ելույթներից հետո ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ու Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ստորագրել են ծրագրային փաստաթուղթը։
Այս ծրագրի շահառուներն են հանդիսանում ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեն, Լոռու և Շիրակի մարզերի ջրօգտագործողների միությունները և մարզպետարանները: Ենթադրվում է, որ մոտավորապես 6000 մարդ ուղղակիորեն կշահի ծրագրի արդյունքներից, այդ թվում՝ ֆերմերները և նրանց խմբերը, տեղական մասնավոր կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման և մարզային մարմինները: Ծրագրի անուղղակի շահառուներն են մոտ 30.000 մարդ՝ նպատակային մարզերի ողջ բնակչության մոտ 7 տոկոսը։ Ծրագրի ավարտին Լոռու մարզում գործող թիրախային Այրում-Ճոճկան և Ճոճկան երկաստիճան պոմպակայանները և Շիրակի մարզում գործող Բենիամին պոմպակայանը կարդիականացվեն էներգաարդյունավետ պոմպերով և ցանցին միացված ֆոտովոլտային կայաններով։
Թիրախային խմբերը կունենան նաև կենտրոնացված աշխարհագրական տեղեկատվական համակարգերի վրա հիմնված տեղեկատվություն, կկրճատվեն գյուղատնտեսության վրա կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ռիսկերի վտանգները, կբարելավվեն Ջրային պետական կոմիտեի և այլ համապատասխան շահագրգիռ կողմերի մասնագիտական և ինստիտուցիոնալ կարողությունները: