ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 12-ից և կիրականացվի 3 փուլով։
Այս տարի ևս հայտագրման գործընթացն իրականացվելու է ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» միջոցով։
Առաջին փուլով՝ հունիսի 12-ից հայտագրումը բաց կլինի բոլոր այն քաղաքացիների համար, որոնք ունեն որոշակի արտոնություններ։
ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թ. նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանով հաստատված «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգի» համաձայն՝ սովորողների ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթություն տրվում է`
-
տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաներին և տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին (այս կետի արտոնությամբ հայտագրումը կշարունակվի մինչև հունիսի 25-ը ներառյալ).
-
ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների, խնամակալության տակ գտնվող, հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաներին.
-
տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան` ՀՀ տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաներին:
Վերջին երկու կետերի դեպքում ժամկետային սահմանափակում չի գործում, և համապատասխան հիմքերի առկայության դեպքում ծնողը դիմում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ երեխային հաստատություն ընդունելու համար։
Վերը նշված արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրվողները։
Երկրորդ փուլով՝ հունիսի 27-ից, առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր առաջին դասարանցիների ընդունելության համար։
Երրորդ փուլով՝ հուլիսի 4-ից, հայտագրում կիրականացվի նաև օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցչի) համար: Այն դեպքում, երբ ծնողներից մեկը թվարկված որևէ խմբի ներկայացուցիչ է, իսկ մյուսը՝ ՀՀ քաղաքացի, հայտագրումը կարող է կատարվել ծնողի ընտրությամբ՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում:
Ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ընդգրկումը դպրոց կատարվում է սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող դպրոցում (դասարանում), իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է սովորողի ծնողը:
Հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։
ԿԳՄՍՆ-ից նշում են, որ երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի սահմանափակումից։
Հավելենք, որ որպես հայտագրման առաջին քայլ՝ նախ պետք է ստուգել երեխայի տվյալների ամբողջականությունը։ Այս նպատակով ԿՏԱԿ-ը գործարկել է https://stugum.emis.am/ կայքը, որտեղ դպրոց ընդունվող երեխայի ծնողները կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլն անհրաժեշտ է՝ բուն հայտագրման գործընթացը սկսելու և հնարավոր խնդիրներից խուսափելու համար։