Կրթության զարգացման ռազամավարությամբ նախատեսվել է կատարելագործել նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտը: «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրինագծի ընդունումը, ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանի խոսքով, կլուծի ոլորտի բազմաթիվ խնդիրներ:
Արաքսիա Սվաջյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Աշխատանքի վրա հիմնված ուսուցման ներդրումը և դուալ կրթության զարգացումը, մասնավորի հետ համագործակցությունը, որովհետև մենք հստակ գիտակցում ենք, որ միջին մասնագիտական կառույցները, որ ունենք, զարգացման շատ տեղ ունեն, իսկ դրա լավագույն ճանապարհը դիտարկում ենք մասնավորի հետ համագործակցությունը:
Կան ընկերություններ, որոնք շահագրգռված են աշխատել քոլեջ-ուսումնարանների հետ՝ իրենց իսկ համար պատրաստելու մասնագետների: Հաջողված փորձ է համարվում Ֆրանսիայի հայկական հիմնադրամի հետ գործակցությամբ Տավուշի տարածաշրջանային քոլեջի վերակազմակերպումը: Ներդրվել է «Գյուղացիական ֆերմերային տնտեսության կազմակերպում» նոր մասնագիտություն: Պրակտիկ դասընթացներն անցկացվում են քոլեջի այգում: Առաջիկայում կհամալրվի մեխանիզացիայի պարկը:
Հայկ Բրուտյան (Տավուշի «Պատրիկ Դևեջյան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի տնօրեն) - Գործում է երկու կուրս՝ գյուղացիական ֆերմերային տնտեսության հիմնական կրթության հիմքով և միջնակարգ կրթության հիմքով:
Նարեկ Բեջանյան (Տավուշի «Պատրիկ Դևեջյան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի ուսանող) - Էս պահին տնկում ենք խաղողի որթեր: Հողի նախնական մշակումից բերքահավաք անցնում ենք:
Դիմորդների թիվն ավելացել է 30 տոկոսով: Քոլեջն ունի 365 ուսանող: Ստեղծվում են նոր ենթակառուցվածքներ: Հեռավոր գյուղերի սովորողները մնում են քոլեջի հանրակացարանում:
Արաքսիա Սվաջյան - Շատ հույսեր է ներշնչում, որ կարող է դառնալ ռեսուրս կենտրոն գյուղոլորտում, մեր երկրում գործող մյուս հաստատություններին, որոնք գյուղոլորտում կրթություն են իրականացնում, կարող է տրամադրել մեթոդական խորհդատվություն, որ համաչափ զարգացում լինի: Ռեսուրս կենտրոնները դառնալու են ուղեղային փոքր կենտրոններ, որոնք աջակցելու են ինչ-որ մասնագիտությունների գծով:
Ռեսուրս կենտրոններ նախատեսվում է ստեղծել բոլոր մարզերում: Նախնական ու միջին մասնագիտական կրթության հաստատություններում ևս կներդրվի կամավոր ատեստավորման համակարգը, և մասնագետները հնարավորություն կունենան բարելավել իրենց մասնագիտական կարողություններն ու ավելի բարձր աշխատավարձ ստանալ:
Արաքսիա Սվաջյան - Այս քաղաքականության ներդրումը նաև այդ նպատակն ունի, որ ավելի որակյալ կադրեր, մասնավորապես` վարպետների և այլ մասնագետների տեսքով, կարողանանք բերել դեպի ուսումնական հաստատություններ՝ փոխելով դրանց որակն ու արդյունավետությունը:
Գործում է մասնագիտական կրթության 100-ից ավելի հաստատություն: Քարտեզագրում են՝ պարզելու՝ երկիրը որքան քոլեջի, ուսումնարանի կարիք ունի: Ըստ փոխնախարարի` այսօր Հայաստանի տնտեսությունն ունի որոշ մասնագետների կարիք: Շինարարությունում աշխատողները՝ բանվորից վարպետ, հիմնականում մասնագիտական կրթություն չեն ստանում: Սվաջյանի խոսքով՝ կարևորելով աշխատանքի վրա հիմնված ուսուցումը, այնուամենայնիվ, նպատակն է ոլորտում ֆորմալ կրթությամբ ապահովել մասնագիտական որակ:
Արաքսիա Սվաջյան - Էներգետիկայի բնագավառում տարբեր մասնագետների կարիք ունենք, նախատեսվում է հանրապետական նշանակության քոլեջ հիմնել, որը կկարողանա նաև սպասարկել, բոլոր մարզերի համար մասնագետներ թողարկել: Կարիք ունենք մասնագետների ներգրավելու, շուկայի պահանջներն իմացող, նորագույն տեխնոլոգիաներին տիրապետող, որով կկարողանանք գիտելիքը փոխանցել:
Միջին մասնագիտական կրթական հաստատություններում կսահմանվի նպատակային կրթաթոշակ՝ այն մասնագիտությունների գծով, որոնց կարիքն ունի տնտեսությունը՝ խթանելու այդ ուղղությամբ դիմորդների հոսքը: Գործող կրթաթոշակի չափը, ըստ ամենայնի, կտասնապատկվի՝ հասնելով 30 -50 հազար դրամի: