Անկարայում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստում անդամ երկրներն ավելի շատ քննարկել են միմյանց միջև ունեցած քաղաքական տարաձայնությունները: Հայաստանի պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը հայտնեց՝ Ադրբեջանը փորձել է բարձրաձայնել իր կեղծ թեզերը:
Բաբկեն Թունյան (Սևծովյան տնտեսական համագործակցության ԽՎ ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար) - Զեկույցներից մեկը վերաբերում էր ԶԼՄ-ների դերին՝ տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներում: Այդ զեկույցի շրջանակներում Ադրբեջանի պատվիրակությունը ելույթի 90 տոկոսը նվիրեց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմային:
Հայ պատգամավորներն անդրադարձել են Լաչինի միջանցքի ապաշրջափակման ու Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերման անհրաժեշտությանը: Հակադարձելով Ադրբեջանի պատվիրակությանը՝ նշել են՝ «Զանգեզուրի միջանցք» լինել չի կարող:
Բաբկեն Թունյան - Հայաստանը պատրաստ է միայն, առանց իր ինքնիշխանության և օրենսդրության խախտման, հարևաններին տրանսպորտային ճանապարհ տրամադրել բեռների և մարդկանց տեղափոխման համար:
Գևորգ Պապոյան (ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Ալիևն ասել է, որ «Զանգեզուրի միջանցքն» ինքն է մտցրել տերմին, Հայաստանի ընդդիմությունն էլ դա տիրաժավորել է և մտցրել է ներքաղաքական և արտաքին քաղաքական օրակարգում դարձրել է հարց:
Թուրքիայում տեղի ունեցած վեհաժողովին մասնակցել է նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Բաբկեն Թունյանը հույս հայտնեց, որ խորհրդարանի խոսնակի մակարդակով այցը կնպաստի հարաբերությունների կարգավորմանը, հայ-թուրքական սահմանի բացումից էլ կշահեն երկու կողմերն էլ:
Բաբկեն Թունյան - Տուժած երկրներ էլ կլինեն, հիմնականում այն երկրները կլինեն, որոնք օգտվում են այսօրվա փակ սահմաններից, ու ստիպված մեր առևտրաշրջանառությունը տեղի է ունենում այդ երկրների միջոցով, ու դրա միակ «օգուտն» այն է, որ Հայաստան հասնող ապրանքները թանկանում են, ինչը մեր բնակչությունը ստիպված է լինում ավելի բարձր գնով գնել:
Արդյոք նախապես հայտարարած ժամկետների համաձայն՝ ամռանը կբացվի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը երրորդ երկրի և դիվանագիտական անձնագրով քաղաքացիների համար: Գևորգ Պապոյանը նշեց, որ այս պահին հստակ տեղեկություն չունի պայմանավորվածության ճակատագրի մասին: Պատգամավորը շեշտեց՝ Թուրքիան, հասկանալով, որ սահմանի բացումը ձեռք է տալիս Հայաստանին, պահանջներ է ներկայացնում, առիթներ փնտրում՝ այն չբացելու համար:
Գևորգ Պապոյան - Ինչպիսի՞ հարևան ունենալն է լավ. հարևան, որը քեզնից տարբեր ցուցանիշներով 20-40 անգամ մեծ է իր այդ նույն ցուցանիշները համեմատության մեջ և քեզ վերաբերվում է թշնամաբար, դու իրեն՝ թշնամաբար, թե՞ հարևան, որն էլի այդ նույն ցուցանիշներն ունի, քեզ չի վերաբերվում թշնամաբար, դու էլ իրեն չես վերաբերվում թշնամաբար: Ո՞ր հարևանն է մեզ համար ավելի ձեռք տալիս, միանշանակ, ես կարծում եմ՝ երկրորդ տարբերակը, առաջին տարբերակն ուղղակի խելահեղություն է մտածել:
Բաբկեն Թունյանը նշեց՝ կազմակերպությունում հակամարտող այլ երկրներ էլ կան, ու Սևծովյան տնտեսական համագործակցության հարթակի նպատակն է նպաստել տարածաշրջանում խաղաղության ու գործընկերային հարաբերությունների զարգացմանը՝ ապահովելով կողմերի միջև շփումը:
Բաբկեն Թունյան - Իհարկե, մեկ-մեկ այդ շփումը լավ բանի չի հանգեցնում, ինչին, օրինակ՝ ականատես եղաք երևի, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանը հասավ անգամ ծեծկռտուքի, բայց դա պլատֆորմ է, որտեղ տարբեր երկրների ներկայացուցիչները կարողանում են իրար հետ գոնե առնչվել ու թեկուզ սուր բանավեճերի միջոցով, բայց իրենց տեսակետը ներկայացնել ու փորձել շփման եզրեր գտնել:
Անկարայում մայիսի 4-5-ը կայացած վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանն ընտրվել է կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան