Նյու Յորքի դատարանն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղավոր է ճանաչել լրագրող Ջին Քերոլին ծեծելու և զրպարտելու համար, նա պետք է վճարի 5 միլիոն դոլար փոխհատուցում, հայտնել է Associated Press-ը։
Երդվյալ ատենակալները մերժել են Քերոլի պնդումները, թե Թրամփը բռնաբարել է իրեն 1996 թվականին, սակայն ընդունել են ոտնձգությունների փաստը, ինչպես նաև այն, որ նա արատավորել է Քերոլի հեղինակությունը։ Սպիտակ տան նախկին ղեկավարը հայտարարել է, որ լրագրողի մեղադրանքները «խաբեություն են և սուտ»։ Դատարանը Թրամփին պարտավորեցրել է վճարել 2 մլն դոլար ծեծի, 3 մլն դոլար էլ՝ զրպարտության համար։
Ըստ ԱՄՆ 45-րդ նախագահի փաստաբան Ջո Տակոպինի՝ Քերոլը հորինել է ամբողջ պատմությունը՝ խթանելու իր 2019 թվականի ինքնակենսագրականի վաճառքը։ Հենց այս գրքում նա առաջին անգամ Թրամփին մեղադրել է բռնաբարության համար, որն իբր տեղի է ունեցել Bergdorf Goodman խանութի հանդերձարանում:
Դատավճռից հետո Թրամփը կրկնել է, որ երբեք չի հանդիպել Քերոլին։ «Այս դատավճիռը պատմության մեջ վհուկների ամենամեծ որսի շարունակությունն է»,- ասել է նախկին նախագահը։
Ի դեպ, սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ նախկին նախագահն օրինականորեն պատասխանատվության է ենթարկվում սեռական ոտնձգության համար: