Կա՞ պայմանավորվածություն կողմերի միջև՝ մինչև ամռան սկիզբ բացելու հայ-թուրքական ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար: Թուրքիայի ԱԳ նախարարի՝ «Նեմեսիս» հուշարձանի ապամոնտաժման կոչից հետո արդյոք պայմանավորվածությունները չե՞ն չեղարկվել: Հարցերին ի պատասխան՝ Սևծովյան տնտեսական համաժողովին առնչվող ԱԺ ճեպազրույցի ժամանակ ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ պայմանավորվածությունների չեղարկման մասով տեղեկություն չունի:
«Շատ է քննարկվում՝ արդյոք Հայաստանին ձե՞ռք է տալիս՝ բացվի հայ-թուրքական սահմանը, թե՞ ոչ: Եթե Հայաստանին ձեռք չտա հայ-թուրքական սահմանի բացումը, և դա ձեռք տա միայն Թուրքիային, Թուրքիան հայ-թուրքական սահմանը կբացի 5 վայրկյանում, որովհետև Հայաստանը Հայաստան-Թուրքիա սահմանը չի փակել, Հայաստանը Հայաստան-Թուրքիա սահմանը միշտ բաց է պահել: Հայաստան-Թուրքիա սահմանը փակել է Թուրքիան, որովհետև դրանով Հայաստանին տնտեսապես ճնշում է, և դրա մասին իրենք երբեք չեն թաքցրել և դրանով իրենք աջակցում են Ադրբեջանին»,- ասաց Պապոյանը, ապա հավելեց, որ սա ցույց է տալիս, որ այն նարատիվը, թե հայ-թուրքական սահմանի բացումը ՀՀ-ի համար ինչ-որ ապոկալիպտիկ հետևանքներ է ունենալու, ծիծաղելի է և առնչություն չունի իրականության հետ:
«Հայ-թուրքական սահմանի բացումը բերելու է Հայաստանի տնտեսական զարգացման, բերելու է աշխատատեղերի ստեղծման, բերելու է բիզնեսների զարգացման, բերելու է հարկերի ավելացման, բերելու է մարդկանց սոցիալական վիճակի էական լավացման, և, բնականաբար, Թուրքիան, որպեսզի աջակցի ղարաբաղյան հարցում Ադրբեջանին, հայ-թուրքական սահմանը փակ է պահել երկար տարիներ»,- ասաց Պապոյանը:
Նա նաև նշեց, որ եթե այսօր էլ Թուրքիան իմանա, որ հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի համար վնասներ է բերելու, իսկ իրենց՝ միայն օգուտ, բնականաբար, կբացեր: Ուստի, Թուրքիան, հասկանալով, որ սահմանի բացումը ձեռք է տալիս ՀՀ-ին, պահանջներ է ներկայացնում, առիթներ փնտրում սահմանը չբացելու համար:
Պապոյանը նաև վերահաստատեց, որ, այդուամենայնիվ, հայկական կողմի օրակարգային հարցն է մնում առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Դա նաև ՀՀ արտաքին քաղաքականության հիմնադրույթն է: