ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ, Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամներ Բաբկեն Թունյանն ու Գևորգ Պապոյանը ԱԺ ճեպազրույցների շրջանակում ամփոփեցին մայիսի 4-5-ը Անկարայում տեղի ունեցած նիստի արդյունքները:
Ըստ պատգամավորների՝ նիստի օրակարգը հագեցած է եղել, քննարկվել են տնտեսական բնույթի հարցեր, բայց քանի որ տարբեր երկրների միջև եղել են կոնֆլիկտներ, տնտեսական օրակարգը մղված է եղել երկրորդ պլան, համաժողովին մասնակից երկրներն ավելի շատ քաղաքական հարցեր են քննարկել:
Երկրների խորհրդարանների խոսնակների հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ըստ Բաբկեն Թունյանի՝ Ալեն Սիմոնյանի այցը Թուրքիա բավականին կարևոր փաստ է:
«Հույս ունենք, որ դա կնպաստի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ չնայած այն բոլոր բարդ խնդիրներին ու մարտահրավերներին, որ մեր առջև ծառացած են»,- ասաց Թունյանը: