Քննչական կոմիտեում շարունակվում է 44-օրյա պատերազմին առնչվող քրեական վարույթների նախաքննությունը՝ հայտարարել է օրվա առթիվ «Հաղթանակ» զբոսայգի այցելած Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Նա լրագրողներին հայտնել է, որ բազմաթիվ վարույթներ հարուցված են դասալքության հատկանիշներով, անդրադարձել նաև հինգերորդ շարասյան վերաբերյալ հայտարարություններին:
«Հինգերորդ շարասյուն կար, ենթադրում եմ՝ հիմա էլ կա, և այդ հինգերորդ շարասյան վերաբերյալ բազմաթիվ գործեր են քննվում: Գործերի մի մասի ընթացքն արդեն իսկ լուծվել է, մի մասը հանրայնացվել է, մի մասը, հանրային շահից ելնելով, դեռևս չի հանրայնացվել: Բայց կգա ժամանակը, երբ որ մեր հասարակությունը և մեր հանրությունը կստանան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանը, հստակ կիմանան՝ ովքեր են հինգերորդ շարասյան ներկայացուցիչները, ում պատճառով մենք պարտվեցինք, ինչի պատճառով մենք պարտվեցինք, և այդ պարտության հանգամանքները՝ ոնց սկսվեց և ոնց ավարտվեց: Ես դա ձեզ խոստանում եմ»,- ասաց Արգիշտի Քյարամյանը: