Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-ամյակին նվիրված շքերթը: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել էր ԱՊՀ երկրների առաջնորդներին, որոնք ժամանել են Մոսկվա մասնակցելու շքերթին: Շքերթի մեկնարկին ելույթ է ունեցել Ռուսաստանի նախագահը: Վլադիմիր Պուտինը իր ելույթում շնորհավորել է բոլորին Հաղթանակի օրվա առթիվ, շեշտել՝ ԽՍՀՄ բոլոր ժողովուրդները նպաստել են ընդհանուր հաղթանակին: Այս համատեքստում Պուտինն ընդգծել է ԱՊՀ երկրների ղեկավարների Մոսկվա ժամանելու կարևորությունը։ Նրա խոսքով՝ այսօր Արևմուտքը հրահրում է հակամարտություններ, ոչնչացնում է ավանդական արժեքները, որպեսզի շարունակի թելադրել իր կանոնները։
ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԷԻՆ. ՊԱՏԵԼ
Նախորդ շաբաթ Վաշինգտոնում կայացած քննարկումները կառուցողական էին, և մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները զգալի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լուծման հարցում՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը:
«Երկու երկրները սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների հետ և ավելի լավ են հասկանում միմյանց տեսակետները։ Մենք հավատում ենք, որ լրացուցիչ բարի կամքի, ճկունության և փոխզիջման առկայության դեպքում համաձայնագիրը հնարավոր է, և մենք շարունակում ենք լիակատար աջակցություն և մասնակցություն ցուցաբերել Միացյալ Նահանգների կողմից, քանի որ երկու երկրները շարունակում են երկխոսել և շարունակում են ապահովել կայուն և տևական խաղաղություն»,- նշել է Պատելը: Նա ողջունել է բանակցությունների շարունակման մասին տեղեկությունները և ընդգծել, որ ուղղակի երկխոսությունը խնդիրների լուծման և տևական խաղաղության հասնելու բանալին է:
ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԺԱՄԱՆԵԼ Է ԿԻԵՎ
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այսօր առավոտյան ժամանել է Կիև՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ բանակցություններ վարելու նպատակով: Թվիթերի իր էջում Եվրահանձնաժողովի նախագահը լուսանկար է հրապարակել։ «Հաճելի է վերադառնալ Կիև, որտեղ մեր արժեքները պաշտպանվում են ամեն օր: Սա այնքան լավ վայր է Եվրոպայի օրը նշելու համար», - գրել է նա: Ավելի վաղ, Վոլոդիմիր Զելենսկին օրինագիծ էր ներկայացրել Գերագույն ռադա, որով առաջարկվում է մայիսի 9-ը սահմանել որպես Եվրոպայի օր։
ԱՄՆ-Ը ԿՀԱՅՏԱՐԱՐԻ ԿԻԵՎԻՆ 1.2 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ այսօր Միացյալ Նահանգները կհայտարարի Ուկրաինային անվտանգության ոլորտում 1,2 միլիարդ դոլարի երկարաժամկետ օգնություն տրամադրելու մասին: Փաթեթը ներառում է անօդաչու թռչող սարքեր, հրետանային արկեր և հրթիռներ հակաօդային պաշտպանության համակարգերի համար, ինչպես նաև այլ զինատեսակներ։ ԱՄՆ-ը Ուկրաինային պատերազմի սկզբից ի վեր արդեն տրամադրել է մոտ 37 միլիարդ դոլարի ռազմական օգնություն:
ՍԻՐԻԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ ԵՆ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշում է ընդունել Սիրիայի դեմ պատժամիջոցները ևս մեկ տարով երկարացնելու մաիսն։ Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ նշվում է, որ խոսքը տարբեր սահմանափակումների պահպանման մասին է: Այդ պատժամիջոցները նախատեսում են ԱՄՆ իրավազորության տակ գտնվող ակտիվների սառեցում ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, ինչպես նաև Սիրիա ամերիկյան որոշ տեսակի ապրանքների և ծառայությունների արտահանման արգելք։
ՉԺՀ-Ն ԵՎ ԿԱՆԱԴԱՆ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԵՆ ԱՐՏԱՔՍԵԼ
Չինաստանն ու Կանադան փոխադարձաբար դիվանագտների են արտաքսել: Պեկինը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Շանհայում Կանադայի հյուպատոսին. նա պետք է լքի երկիրը մինչև մայիսի 13-ը, հայտնել են Չինաստանի ԱԳՆ-ից: Կանադայի իշխանությունները Չինաստանին մեղադրում են երկրի ներքին գործերին միջամտելու համար և պերսոնա նոն գրատա էին հայտարարել Տորոնտոյում Չինաստանի հյուպատոսության աշխատակցի։ Կանադայի իշխանությունները չինացի դիվանագետին մեղադրում են պահպանողական պատգամավոր Մայքլ Չոնգի և նրա ընտանիքի մասին անձնական տեղեկություններ հավաքելու և նրան հետապնդելու համար։ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին նշել էր, որ դիվանագետին վտարելու որոշումը կայացվել է բոլոր առկա գործոնները մանրակրկիտ դիտարկելուց հետո։