ՊԵՏԴԵՊԻՑ ՈՂՋՈՒՆԵԼ ԵՆ ՄԱՅԻՍԻ 14-ԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի` մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը:
«Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը: Սա լավ հնարավորություն է Վաշինգտոնի բանակցություններից հետո առաջընթաց գրանցելու համար»,- նշված է բյուրոյի Twitter-ի էջում:
ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԷԻՆ. ՊԱՏԵԼ
Նախորդ շաբաթ Վաշինգտոնում կայացած քննարկումները կառուցողական էին, և մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները զգալի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լուծման հարցում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը:
«Երկու երկրները սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների հետ և ավելի լավ են հասկանում միմյանց տեսակետները։ Մենք հավատում ենք, որ լրացուցիչ բարի կամքի, ճկունության և փոխզիջման առկայության դեպքում համաձայնագիրը հնարավոր է, և մենք շարունակում ենք լիակատար աջակցություն և մասնակցություն ցուցաբերել Միացյալ Նահանգների կողմից, քանի որ երկու երկրները շարունակում են երկխոսել և շարունակում են ապահովել կայուն և տևական խաղաղություն»,- նշել է Պատելը:
Նա ողջունել է բանակցությունների շարունակման մասին տեղեկությունները և ընդգծել, որ ուղղակի երկխոսությունը խնդիրների լուծման և տևական խաղաղության հասնելու բանալին է:
ՇՔԵՐԹ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 78-ԱՄՅԱԿԻՆ
Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-ամյակին նվիրված շքերթը: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել էր ԱՊՀ երկրների առաջնորդներին, որոնք ժամանել են Մոսկվա` մասնակցելու շքերթին:
Միջոցառման մեկնարկին ելույթ է ունեցել Ռուսաստանի նախագահը: Վլադիմիր Պուտինը իր ելույթում շնորհավորել է բոլորին Հաղթանակի օրվա առթիվ, շեշտել՝ ԽՍՀՄ բոլոր ժողովուրդները նպաստել են ընդհանուր հաղթանակին: Այս համատեքստում Պուտինն ընդգծել է ԱՊՀ երկրների ղեկավարների` Մոսկվա ժամանելու կարևորությունը։
Նրա խոսքով` այսօր Արևմուտքը հրահրում է հակամարտություններ, ոչնչացնում է ավանդական արժեքները, որպեսզի շարունակի թելադրել իր կանոնները։
Կարմիր հրապարակում ռազմական տեխնիկայի շարասյունով ավարտվեց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսը։ Շքերթից հետո Վլադիմիր Պուտինն ԱՊՀ մի շարք երկրների առաջնորդների հետ ծաղիկներ խոնարհեց Անհայտ զինվորի գերեզմանին։
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ 11-ՐԴ ՓԱԹԵԹԸ
Այսօր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մեկնել է Կիև: Ուրսուլա Ֆոն դեր Լայենը հանդիպել է Ուկրաինայի նախագահի հետ, որից հետո նրանք հանդես են եկել մամուլի ասուլիսով: Եվրահանձնաժողովի ղեկավարը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթի նպատակն անվանել է «հակազդել գոյություն ունեցող սահմանափակող միջոցների շրջանցմանը»։ Նա նշել է, որ եվրոպական երկրներն այս փաթեթի շրջանակներում կարող են արգելել որոշակի ապրանքների արտահանումը երրորդ երկրներ, եթե նրանց կասկածում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելուն օգնելու համար: Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ անդամ երկրները կավելացնեն զինամթերքի արտադրությունը Ուկրաինայի և անդամ երկրների կարիքները բավարարելու համար: Նրա խոսքով՝ Ուկրաինան այսօր ամենահարմար վայրն է՝ եվրոպական միասնության և խաղաղության օրը նշելու, պատմության դասերը վերաիմաստավորելու և ավելի լավ ապագայի ուղղություն սահմանելու համար։
Խոսելով ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացի մասին՝ Եվրահանձնաժողովի ղեկավարն ասել է, որ դա անելու համար Կիևը պետք է իրականացնի յոթ բարեփոխումներ, որոնք ներկայացրել է Եվրամիությունը՝ որպես երկիրը դաշինք ընդունելու պայման։
ԷՐԴՈՂԱՆԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշել է բարձրացնել պետական ծառայողների աշխատավարձը:
«Աշխատավարձը կավելանա 45 տոկոսով, իսկ նվազագույն աշխատավարձը կկազմի 15 հազար լիրա»,-՝ հայտարարել է Թուրքիայի նախագահը` երկրում նախագահական և խորհրդարանական ընտրություններից հինգ օր առաջ:
Խոսքը մոտ 700 հազար աշխատողի մասին է:
ԿԿԱՅԱՆԱ ԻՐԱՆԻ, ԹՈՒՐՔԻԱՅԻ, ՌԴ, ՍԻՐԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Այսօր երեկոյան Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու Սիրիայի հարցով առաջին քառակողմ հանդիպմանը։ Մոսկվայում Իրանի դեսպանը նշել է, որ տարածաշրջանում տարաձայնությունները նվազեցնելու, առկա խնդիրների լուծմանը նպաստելու և տարածաշրջանի ժողովուրդների համար շահավետ համագործակցության ուղղությամբ շարժվելու նպատակով Իրան-Ռուսաստան փոխգործակցությունը շարունակվում է: Մոսկվա է մեկնել նաև Թուրքիայի արտգործնախարարը: Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի քառակողմ հանդիպումը կկայանա վաղը: Ավելի վաղ կայացել է Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի պաշտպանության նախարարների հանդիպումը, ինչպես նաև այդ երկրների փոխարտգործնախարարների հանդիպումը:
ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Պակիստանում ձերբակալել են նախկին վարչապետ, այժմ ընդդիմության առաջնորդ Իմրան Խանին, հայտնում են լրատվամիջոցները:Նրան մեղադրում են Պակիստանի պետական գանձարանից 52 արժեքավոր իրեր վաճառելու և վարչապետ եղած ժամանակ ստացած նվերների մասին տեղեկությունները թաքցնելու համար։ Նախորդ տարվա հոկտեմբերին ընտրական հանձնաժողովը Խանին զրկել էր նաև պատգամավորական մանդատից։ Մարտին Խանը ոստիկանության կողմից իրեն ձերբակալելու փորձերի ֆոնին իր կողմնակիցներին կոչ էր արել դուրս գալ փողոց:
Նախկին վարչապետի ձերբակալությունից հետո երկրի ամբողջ տարածքում անկարգություններ ու բողոքի ցույցեր են սկսվել: Ցուցարարները ներխուժել են նաև մի շարք զորամասերի տարածքներ: