Երևանի փողոցներից մեկում նույնիսկ մեկ ժամ սպասելու անհրաժեշտություն չեղավ, որ նկատենք մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված պահանջները չպահպանող բեռնատար մեքենաներ: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները, չնայած իրենց բազմաթիվ իրազեկման արշավներին, համոզվեցին, որ շինարարությամբ զբաղվող տնտեսվարողները մեծամասամբ տեղյակ չեն ավազ, ցեմենտ, գաջ, խիճ և այլ նյութեր տեղափոխելու պահանջներին:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի գլխավոր տեսուչի խոսքով՝ օդի աղտոտվածության պատճառներից մեկն էլ բեռնատարների համար սահմանված նորմերը չպահպանելն է, վստահեցրեց՝ իրենց ստուգումները տուգանելու նպատակով չեն, միակ պահանջը նորմերը պահպանելն է ու այդպիսով բնությանն ու մարդկանց չվնասելը: Այնուամենայնիվ, խախտումների վրա աչք փակել չեն պատրաստվում:
Մեսրոպ Ավագյան (ՀՀ ԲԸՏՄ Երևանի տարածքային բաժնի գլխավոր պետական տեսուչ) - Պետք է այնպես կազմակերպեն, որ պարտադիր ծածկված լինի, եթե խնդիր կա, ուրեմն պետք է խնդիրը լուծեն և նոր մեքենան վարեն, տուգանքը 50 հազար դրամ է այս խախտման դեպքում:
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքով՝ ավազը, ցեմենտը, գաջը, խիճը, այլ սորուն նյութերը, հողային զանգվածը, ինչպես նաև շինարարական աղբը պետք է տեղափոխել փոշու համար անթափանց ծածկոցներով ծածկված տրանսպորտային միջոցներով: Ոլորտի պատասխանատուների խոսքով՝ դրանք թափվում են, հաճախ նաև մարդատար մեքենաների վնասման պատճառ դառնում:
Տեսուչ Ավագյանը այս տարվա եռամսյակի տվյալներն է ներկայացնում, նկատում՝ դրական փոփոխություն կա, բայց խնդիրը հեռու է ամբողջապես լուծված համարվելուց:
Մեսրոպ Ավագյան - Այս տարվա առաջին եռամսյակի կտրվածքով Երևան քաղաքում ունենք 17 նման դեպք` առանց անթափանց ծածկոցի մեքենաներ, իսկ հանրապետության տարածքով` 24 դեպք, որից 6 ը՝ Արմավիրի, 4 ը՝ Կոտայքի մարզում:
Նախորդ տարի շինանյութ տեղափոխող բեռնատարի` առանց անթափանց ծածկոցի շահագործման 77 դեպք է արձանագրվել, դրանցից 17-ը՝ Երևանում, նշանակված վարչական տույժը կազմել է 3.850.000 դրամ: Ի դեպ, պաշտպանիչ միջոցների բացակայության դեպքում տուգանքն առաջին անգամ 50 հազար է, կրկնվելու դեպքերում 100 հազար դրամ: