«Տեխնոլոգիական ճամբար»՝ ավագ դպրոցի աշակերտների համար. սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի աշակերտները հնարավորություն կունենան ուսումնաճանաչողական ծրագրի ընթացքում՝ տեխնոլոգիական ոլորտի տարբեր ուղղություններում խորացնել իրենց գիտելիքները, կատարելագործել հմտությունները:
Հրանտ Մկրտչյան (ՀՀ ԲՏԱ ծրագրերի վարչության պետ) - Ծրագրի նպատակն է ավագ դպրոցի երեխաների շրջանում բարձրացնել թվային հմտությունների գիտելիքի մակարդակը և կողմնորոշել ապագա մասնագիտության հարցում:
Այս տարի պիլոտային ծրագիրը կիրականացվի Գեղարքունիքի մարզի Կութ, Վահան, Սոթք, Նորաբակ և Ճամբարակ բնակավայրերի աշակերտների համար:
Հրանտ Մկրտչյան - Այս տարի իրականացվող ծրագրի արդյունքներն ամփոփելուց հետո կարող ենք խոսել նաև ծրագրի շարունակական լինելու մասին, որը կիրականացնենք` արդեն ներգրավելով ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքը:
Պատասխանատուները նշում են՝ փորձնական ծրագրի արդյունքներից հետո «տեխնոլոգիական ճամբար» ծրագիրը գուցե ցածր դասարանի աշակերտների համար ևս իրականացվի:
Մինչև ծրագրի մեկնարկը մասնագետներն այցելել են նշված բնակավայրեր և իրազեկել 200-ից ավելի աշակերտների տեխնոլոգիական ճամբարի վերաբերյալ:
Հրանուշ Վարդանյան (ՀՀ ԲՏԱ ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ) - Ե՛վ թղթային, և՛ էլեկտրոնային հայտագրումը բովանդակությամբ նույնն է մասնագիտական հանձնաժողովը հայտագրման ավարտից հետո կիրականացնի գնահատում, և կընտրվեն 100 աշակերտներ, որոնք կմասնակցեն մեկշաբաթյա ամառային տեխնոլոգիական ճամբարին:
Մասնակիցների ընտրությունը կիրականացվի մոտիվացիոն նամակների միջոցով: Կընտրվեն տեխնոլոգիական ուղղություններով հետաքրքրված և որոշակի գիտելիքներ ունեցող աշակերտները։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 20-ն է:
Հրանուշ Վարդանյան - Սահմանամերձ բնակավայրում իրականացվող տեխնոլոգիական ճամբարը իրականացվելու է անվճար: Ծրագրի ընթացքում իրականացվող դասընթացները լինելու են և՛ տեսական, և՛ գործնական:
Մեկշաբաթյա ամառային տեխնոլոգիական ճամբարը կանցկացվի հուլիսի 24-ից 30-ը: Ծրագրի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր: Վայրը դեռ հստակեցված չէ:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան