Հակակոռուպցիոն դատարանում սկսվեց Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի ու եւս 10 անձի վերաբերյալ գործի քննությունը: Նիստը անցկացվեց դռնփակ կարգով, ինչին դեմ էր պաշտպանական կողմը և դռնբաց քննելու միջնորդություն ներկայացրեց:
Հակոբ Ենոքյան (Գրիգորի Խաչատուրովի պաշտպան) - Նախնական լսումների փուլում դռնփակ դատական քննություն իրականացնելու լիազորություն դատարանը չունի, էնտեղ հստակ կարգավորումներ կան, թե նախնական դատալսումների վերաբերյալ որոշումը ինչ բովանդակություն պետք է ունենա, դրա մեջ դատական նիստի հրապարակայնության հետ կապված որևէ նշում չկա:
Քանի որ դատական նիստը դռնփակ անցկացնելու որոշումն անփոփոխ մնաց, մանրամասների վերաբերյալ լրատվամիջոցներին տեղեկություն հաղորդեց պաշտպան Ենոքյանը: Նա նշեց` դատավարության մասնակիցներին պետական գաղտնիք չհրապարակելու արձանագրություն են տրամադրել, իրենք այն դեռ չեն ստորագրել:
Հակոբ Ենոքյան - Բոլոր փաստաբաններն էլ այսպես տարակուսեցին այդ առումով, որովհետև նախ պետք է իմանանք` որն է պետական գաղտնիքը, որովհետև համատարած վարույթի բոլոր նյութերը համարակալված են գաղտնի, օրինակ` Գրիգորի Խաչատուրովի մեղադրանքի վրա գրված է «գաղտնի», բայց դրանում որևէ գաղտնի տեղեկություն չկա, դրանում էնպիսի տեղեկություններ են, որոնք ԱԺ-ում գլխավոր դատախազի կողմից հրապարակվել են:
Այս գործով կալանքի տակ են երկու անձ՝ Գրիգորի Խաչատուրովն ու Դավիթ Գալստյանը: Ամբաստանյալի աթոռին է նաև Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Մանուկ Վարդանյանը: Նա մեղադրվում է կոմիտեի նախագահ եղած տարիներին 2 դրվագով պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար: Սեյրան Օհանյանը մեղադրվում է մի քանի դրվագով` խոշոր չափի գույք հափշտակելու և վատնում կատարելու համար։ Ըստ գործի` Օհանյանը նախարարության` օտարման ոչ ենթական հողամասերը՝ զորանոցով, կից այլ շինություններով վաճառել է մի քանի անգամ ցածր գնով։ Նախկին նախարարը, սակայն, մեղադրանքը չի ընդունում, նիստից հետո հայտարարեց՝ գործընթացը քաղաքական է և շինծու:
Սեյրան Օհանյան (ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ամբաստանյալ) - Եթե կոնկրետ գործը վերաբերում է օտարման գործընթացին` հողերի, կոնկրետ այն հողերի, որոնք Արարատի մարզում են, նախ և առաջ ուզում եմ որ մեր հանրությունը իմանա, որ դրանք զորամասեր չեն: ՀՀ զինված ուժերի զարգացման ընթացքի հետ զուգահեռ բոլոր այն հողակտորները, որոնք որ նախկինում զբաղեցված են եղել ՊՆ-ի կողմից, հասկանալի է, չէ, որ բանակի կազմավորման սկզբնական փուլում օգտագործել են բոլոր հնարավոր միջոցները, իսկ այդ հողերը անպիտան են, պետք չեն եղել, գոյություն ունեցող օրենքի շրջանակներում օտարվել են:
«Լուրեր»-ի դիտարկմանը՝ այնուամենայնիվ, օտարման համար Կառավարության որոշում պետք է լիներ, Օհանյանն ասաց՝ նիստ է ընթանում, բոլոր հարցերը կպարզաբանվեն:
Սեյրան Օհանյան - Այդ բոլոր գործընթացների վաղեմությունը անցել է, ես նույնիսկ չեմ էլ հիշում, և ՊՆ-ում գոյություն ունեն գործընթացներ, որոնք որ իրականացնում է ոչ թե մեկ անձը, այլ բոլոր այն կառույցները, ովքեր դրա համար պատասխանատու են:
Ըստ դատախազության՝ Սեյրան Օհանյանի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է մի քանի մլրդ դրամի վնաս: Անպիտան հրթիռների դրվագով, բացի Սեյրան Օհանյանից, մեղադրյալ է նաև Դավիթ Գալստյանը: Նա անցնում է նույնաբովանդակ մեկ այլ գործով ևս, որտեղ իր հետ այս անգամ էլ պաշտպանության նախկին նախարարներից Դավիթ Տոնոյանն է ամբաստանյալի աթոռին:
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին՝ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը, մեղադրվում է փողերի լվացման համար: Երբ փետրվարի սկզբին խորհրդարանը քննում էր Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարեց՝ Արարատի մարզի Արմաշ համայնքի զորամասի տարածքը 2009-ին վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին 4 միլիոն դրամով: Դատարանը այս նիստին պետք է քններ Խաչատուրովի խափանման միջոց կալանքը երկարաձգելու կամ փոփոխելու հարցը, բայց պաշտպաններից մի քանիսի բացակայության պատճառով այն կքննվի մյուս նիստին:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան