Լեոյի՝ Առաքել Բաբախանյանի անձնական իրերն են՝ կահույքից մինչև ձեռնափայտ ու պատեֆոն, որոնք Սարդարապատի ազգագրության թանգարանում են՝ մշտական ցուցադրության։ Գրողի՝ պայմանական տան հարևանությամբ էլ հայկական ավանդական ընտանիքի կահկարասին է, կյանքն ու կենցաղը։ Երկու հայի տան ինտերիերը թանգարանի այցելուներին կցուցադրվի նաև Սարդարապատի եռատոնի ընթացքում։ 2023-ը Սարդարապատի համար հոբելյանական է։
Կարեն Փահլևանյան (Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանի տնօրեն) - Լրանում է հերոսամարտի հուշահամալիրի 55-, Հայոց ազգագրության թանգարանի՝ 45- և մայիսյան հերոսամարտերի 105-ամյակը։
Մայիսից սկսած միջոցառումների բում է լինելու։ Թանգարանի բոլոր սրահներում մշտական ցուցադրությունները համալրվելու են նորերով։ Մայիսյան հերոսամարտի հատվածում, օրինակ, բացի հերոսամարտի առանձին դրվագներից, ներկայացված կլինեն նաև ականավոր զորահրամանատարների անձնական իրերը, նոթատետրեր, մարտական զենքեր:
Սառը զենքը Հակոբ Մելքումովի մարտական թուրն է, որով սպանվել է Էնվեր փաշան։ Թուրը Հայաստանի պատմության թանգարանից է բերվել՝ եռատոնին ցուցադրելու համար։ Նախապատրաստական փուլում է նաև Արամ Մանուկյանին նվիրված անկյունը, որտեղ այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրի անձնական իրերին, կյանքի չլուսաբանված էջերին։ Իսկ նվագարանների սրահում կցուցադրվեն ոչ միայն հայկական, այլև հայերի հետ առչություն ունեցող ու նաև կիրառությունից դուրս եկած ազգային նվագարաններ։ Անվանի դուդուկահար Լևոն Մադոյանի ոսկեպատ ծիրանափողը ևս տեղ կգտնի ցուցանմուշների շարքում։
Կարեն Փահլեվանյան - Դուդուկը չենք վիճարկում, չնայած մեր հարևանները կարող են ներկայացնել որպես իրենցը, չենք վիճարկում նաև քանոնը, դափը, ծնծղան, տարբեր նվագարաններ ունենք նաև միջնադարից եկող, շարքը տասնյակից ավել կարող եմ թվարկել։
Կցուցադրվեն նաև բժշկական գործիքներ, զարդեր, աղամաններ, կենցաղավարության այլ պարագաներ։ Իսկ ազգագրության բաժնում այցելուները հնարավորություն կունենան տեսնել թանգարանի այցեքարտը համարվող հայկական գորգերը։ Մոտ 2200 ձեռագործ գորգ կա թանգարանում, որոնք 3-րդ հազարամյակ են հասել 18-19-րդ դարերից։ Դրանց չնչին մասն է նվիրատվություն։
Կարեն Փահլեվանյան - Հիմնականում գնված են գորգերը, նվիրատվությունները քիչ են: Ունենք գնված գորգեր ադրբեջանցիներից և քրդերից․․. Դրանց վրա հայատառ արձանագրություններ կան։
Մեկ այլ սրահում էլ հայկական տարազներն ու թանկարժեք գոտիներն են՝ տոնական, ամենօրյա, նույնիսկ՝ մարտական։ Մոտ 1200 գոտի կա՝ մի մասը ոսկյա և արծաթյա։ Թանգարանի ղեկավարությունն ասում է՝ բոլոր գորգերն ու գոտիները միաժամանակ ցուցադրել չեն կարող տարածքի սղության պատճառով։
Սվետլանա Պողոսյան (Հայոց ազգագրության թանգարանի փոխտնօրեն) - Ցուցադրության մեջ կարող է լինել լավագույն դեպքում հավաքածուի 10 տոկոսը, իսկ մնացածը մնում է պահոցներում։ Որպեսզի դրանք պարբերաբար ցուցադրենք, ժամանակ առ ժամանակ ազգագրական բնույթի ցուցադրություն ենք անում։
Եռատոնի շրջանակում կլինեն նաև համերգային ծրագրեր, փառատոն՝ նվիրված հայկական ծիրանափողին, որին կմասնակի 55 դուդուկահար՝ տարբեր մարզերից։