ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն ողջունել է մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: «Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը: Սա լավ հնարավորություն է Վաշինգտոնի բանակցություններից հետո առաջընթաց գրանցելու համար»,- նշված է բյուրոյի Twitter-ի էջում:
ՇՔԵՐԹ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 78-ԱՄՅԱԿԻՆ
Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-ամյակին նվիրված շքերթը: Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել էր ԱՊՀ երկրների առաջնորդներին, որոնք ժամանել են Մոսկվա մասնակցելու շքերթին:
Միջոցառման մեկնարկին ելույթ է ունեցել Ռուսաստանի նախագահը: Վլադիմիր Պուտինը իր ելույթում շնորհավորել է բոլորին Հաղթանակի օրվա առթիվ, շեշտել՝ ԽՍՀՄ բոլոր ժողովուրդները նպաստել են ընդհանուր հաղթանակին: Այս համատեքստում Պուտինն ընդգծել է ԱՊՀ երկրների ղեկավարների Մոսկվա ժամանելու կարևորությունը։ Նրա խոսքով այսօր Արևմուտքը հրահրում է հակամարտություններ, ոչնչացնում է ավանդական արժեքները, որպեսզի շարունակի թելադրել իր կանոնները։
Կարմիր հրապարակում ռազմական տեխնիկայի շարասյունով ավարտվել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսը։ Շքերթից հետո Վլադիմիր Պուտինն ԱՊՀ մի շարք երկրների առաջնորդների հետ ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի գերեզմանին։
ԶԵԼԵՆՍԿԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիևում ընդունել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։ Եվրահանձնաժողովի նախագահը Լեհաստանից մեկնել է Ուկրաինա՝ հանդիպելու ՈՒկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ: Լրատվամիջոցները գրում են, որ Ուկրաինայի նախագահն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկելու են Եվրամիությանը Ուկրաինայի վերջնական անդամակցության հարցը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի բոլոր մանրամասները։
Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Եվրահանձնաժողովի նախագահին Ուկրաինային «անհրաժեշտ զինամթերք, հրետանու համար մեկ միլիոն արկ» տրամադրելու պատրաստակամության մասին։ Զրուցակիցները նաև քննարկել են այդ օգնության տրամադրման հրատապության հարցը, քանի որ, Զելենսկու խոսքով, այդ զինամթերքն արդեն անհրաժեշտ է մարտի դաշտում։
ԵՄ-Ն ՊԵՏՔ Է ԲԱՐԵՓՈԽՎԻ. ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿԱՆՑԼԵՐ
ԵՄ-ն պետք է բարեփոխվի, որպեսզի պատրատ լինի ապագա ընդլայնմանը և խորացնի կապերն ամբողջ աշխարհում, եթե ցանկանում է դիմակայել մարտահրավերներին, ներառյալ կլիմայի փոփոխությանը, միգրացիային և Ուկրաինայում պատերազմին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: Կանցլերը Եվրախորհրդարանում է՝ մասնակցելու Եվրոպայի օրվա միջոցառումներին: «Պատերազմը վերադարձավ Եվրոպա: Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ նաև հարձակում է այն արժեքների և սկզբունքների վրա, որոնք առաջնորդում են մեզ Եվրամիության հիմնադրումից ի վեր»,- ասել է Շոլցը Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ կարճ մամուլի ասուլիսի ժամանակ:
Պատասխանելով հարցին, թե արդյոք կողմ է առաջարկվող պատժամիջոցների ընդլայնմանը` ներառյալ չինական ընկերությունները, Շոլցն ասել է, որ նպատակն է բարելավել գործող պատժամիջոցները: Գերմանիայի կանցլերի խոսքով պատժամիջոցների նոր փաթեթը վերջինը չի լինելու:
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ՊԱՀԻՆ ԳՐԵԹԵ ԱՆՀՆԱՐ Է. ԳՈՒՏԵՐԵՇ
Ուկրաինայում խաղաղության հասնելն այս պահին գրեթե անհնար է՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Նրա խոսքով այս պահին չկա որևէ հնարավորություն, պայման, ինչը կնպաստի խաղաղության հաստատմանը, բանակցությունների վերսկսմանը, գլոբալ հրադարարին: Գուտերեշը, սակայն, նշել է, որ երկխոսություն կա երկու կողմերի հետ՝ կոնկրետ խնդիրների լուծման համար։ Նրա խոսքով՝ կարևոր ձեռքբերում էր Սև ծովով Ուկրաինայից հացահատիկի, իսկ Ռուսաստանից սննդամթերքի ու պարարտանյութի արտահանման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը:
ՌԴ-Ն ԿՀԱՂԹԻ ԻՄՊԵՐԻԱԼԻՍՏՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ. ԿԺԴՀ ԱՌԱՋՆՈՐԴ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Ռուսաստանը «կհաղթի» «իմպերիալիստների» դեմ իր պայքարում՝ Հյուսիսային Կորեայի պետական հեռուստաընկերության մեկնաբանը մեջբերել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում Կիմ Չեն Ընի ուղերձը:
Նամակում Հյուսիսային Կորեայի ղեկավարը ողջունել է Վլադիմիր Պուտինին, ռուս ժողովրդին, որոնք, նրա խոսքով, խիզախորեն պայքարում են միջազգային արդարության հասնելու համար և պաշտպանում են համաշխարհային խաղաղությունը:
ԵԹԵ ԶԻՆԱՄԹԵՐՔ ՉԼԻՆԻ, ՄԵՆՔ ԿՀԵՌԱՆԱՆՔ ԴԻՐՔԵՐԻՑ. ՊՐԻԳՈԺԻՆ
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր, ձեռնարկատեր Եվգենի Պրիգոժինը տեսանյութ է հրապարակել, պատմել՝ օրեր առաջ մարտական կարգադրություն է ստացել, որի համաձայն Բախմուտում դիրքերը լքելը կգնահատվի որպես հայրենիքի դավաճանություն։ Միևնույն ժամանակ, Պրիգոժինը տեղեկացրել է, որ կազմավորման ստորաբաժանումներում «հրետանային սով» է: Նրա խոսքով՝ թեև կարգադրության մեջ նշված է իր ուժերին անհրաժեշտ զինամթերքի մատակարարման մասին, սակայն բավարար մատակարարումներ այդպես էլ չեն ստացել:«Եթե զինամթերք չլինի, մենք կհեռանանք դիրքերից և հարց կտանք՝ ով է դավաճանում հայրենիքը»,- հավելել է Պրիգոժինը։
ԿԱՅԱՑԵԼ Է ԱԲԴՈԼԼԱՀԻԱՆԻ ԵՎ ԲՈՐԵԼԻ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց են ունեցել: Կողմերը քննարկել են Իրան -ԵՄ հարաբերությունների, Ուկրաինայի զարգացումների հետ կապված հարցեր: Աբդոլլահիանը նշել է, որ փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության սկզբունքը կարևոր է՝ երկկողմ հարաբերությունների համար առկա խոչընդոտները վերացնելու և առաջ շարժվելու համար: Ողջունելով Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև շարունակվող համագործակցությունը, Բորելը նշել է, որ այն օգտակար և դրական է: Անդրադառնալով Թեհրանի և Էր-Ռիադի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Բորելը նշել է, որ դա տարածաշրջանային կայունության ամրապնդմանն ուղղված կարևոր քայլ է։ Թեհրանի և Էր-Ռիադի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Բորելը նշել է, որ դա տարածաշրջանային կայունության ամրապնդմանն ուղղված կարևոր քայլ է։
ՖԲ-ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նախատեսվող հանդիպումը: ԱՊՀ երկրների ղեկավարները ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի գերեզմանին: Զելենսկին ԵՄ-ին շնորհակալություն է հայտնել 1 միլիոն հրետանային արկի տրամադրման համար: Ռուսաստանը կհաղթի իմպերիալիստների դեմ պայքարում. Կիմ Չեն Ըն: Չնայած կարգադրությանը՝ «Վագներին» բավարար զինամթերք չի մատակարարվում. Պրիգոժին: Աբդոլլահիանը և Բորելը հեռախոսազրույց են ունեցել: