Եվրոպական խորհրդի մամուլի ծառայությունից հաստատել են, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը մայիսի 14-ին Բրյուսելում եռակողմ հանդիպում կանցկացնեն:
«Նախագահ Միշելը շարունակում է սերտ կապ պահպանել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ առաջ մղելու ԵՄ ջանքերը Հարավային Կովկասում կայունության ամրապնդման և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ քննարկումները կուղեկցվեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմամբ՝ 2023 թվականի հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովի շրջանակներում:
«Առաջնորդները նաև պայմանավորվել են շարունակել եռակողմ հանդիպումները Բրյուսելում այնքան հաճախ, որքան անհրաժեշտ է՝ տեղում ընթացիկ իրադարձությունները և բրյուսելյան հանդիպումների օրակարգի մշտական կետերը քննարկելու համար:
Նախագահ Միշելը նաև մտադրություն է հայտնել հրավիրել Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարներին՝ երկրորդ անգամ հանդիպելու 2023 թվականի հոկտեմբերին Գրանադայում կայանալիք ԵՔԸ-ի հաջորդ գագաթնաժողովի շրջանակներում»,- տեղեկացրել են Եվրոպական խորհրդի մամուլի ծառայությունից: