Ռուսաստանը մշտապես շփման մեջ է հայկական և ադրբեջանական կողմերի հետ և ակտիվորեն առաջ է մղում խաղաղության օրակարգը, միջնորդական ջանքեր գործադրում: Այս մասին «Հաղթանակի» զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում Մոսկվայում հանդիպում տեղի կունենա:
Կոպիրկինի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբն ակտիվ ջանքեր է գործադրում, լուծում է իր առջև դրված խնդիրները՝ նպաստելու իրադրության կարգավորմանը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի բացմանը։
«Ռուսական կողմը աշխատում է՝ խթան հաղորդելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին տարբեր ձևաչափերում, այդ թվում՝ տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցերով զբաղվող աշխատանքային խմբի շրջանակում, խաղաղության պայմանագրի կնքման հարցում, սահմանների սահմանազատման ուղղությամբ տարվող աշխատանքներում»,- ասել է դեսպանը։
Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել այս հարցում, բացի դրանից՝ նաև հանդես է գալիս հասարակությունների միջև երկխոսության ակտիվացման օգտին: