ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը մայիսյան եռատոնի առթիվ ուղերձ է հղել.
«Սիրելի´ հայրենակիցներ
Մայիսյան եռատոնը եղել է, կա ու մնալու է մեր տոնացույցի ամենափառավոր ու հպարտություն պարգևող տոներից:
Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում անգնահատելի ներդրում ունեցավ արցախահայությունը: Հայրերի ու պապերի սխրանքով դաստիարակված մերօրյա հերոսները խորհրդանշական զուգադիպությամբ 1992 թվականի մայիսի 9-ին ազատագրեցին հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշին՝ հանուն արդարության, ազատության և մարդասիրության՝ պայքարելով հայատյացության, բռնության ու բարբարոսության դեմ:
Եռատոնի խորհուրդն ամբողջացավ Հայոց բանակի ծննդով, որի հերոս մարտիկներն արյամբ կերտեցին բազում հաղթանակներ:
Փառք ու պատիվ հանուն հայրենյաց իրենց կյանքը զոհաբերած հայորդիներին: Խունկ ու խոնարհում նրանց վառ հիշատակին:
Սիրելի´ արցախցիներ
Ճիշտ է, այսօր հուսահատ ու ապագայի հանդեպ անորոշ տրամադրությամբ ենք դիմավորում եռատոնը, բայց համոզված եմ՝ այն միշտ լինելու է ոգեշնչման աղբյուր և հաղթանակների վերածննդի ուղենիշ:
Մեր վաղվա օրը հուսալի և անվտանգ կերտելու համար մենք պարտավոր ենք ճիշտ գնահատել և իմաստավորել մեր պատմական հաղթանակները, վերակազմակերպվել, վերարժևորել յուրաքանչյուր քայլ և պահանջատեր լինել։
Սրընթաց գործող ադրբեջանական քարոզչամեքենան այսօր Արցախը պահում է լիակատար շրջափակման պայմաններում՝ պարտադրելով խաղի իր կանոնները:
Սակայն մեր ոգին վճռական է, կամքը՝ անկոտրում:
Թող Բարձրյալի կամոք փառապանծ հաղթանակները զորավիգ լինեն մեզ խաղաղ և հուսալի վաղվա օրը կերտելու գործում»: