Աշխարհի կենտրոնական բանկերը գերազանցել են 9 տարի առաջ սահմանված ռեկորդը՝ առաջին եռամսյակում գնելով 2014-ի նույն ժամանակահատվածից 34 տոկոսով ավելի ոսկի: Ըստ Ոսկու համաշխարհային խորհրդի զեկույցի՝ 2023-ի հունվար-մարտին կենտրոնական բանկերն իրենց ոսկու պահուստները ավելացրել են 228 տոննայով, երբ նախորդ տարվա առաջին եռամսյակում ձեռք էին բերել 83 տոննա: Տնտեսագետները փաստում են, որ ոսկու պահանջարկը մեծացրել է ոչ միայն համաշխարհային տնտեսությունում առկա անորոշությունը, այլև Ռուսաստանի միջազգային պահուստների սառեցումը:
Նարեկ Կարապետյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Միաժամանակ սկսվեց խոսակցություն, որ որպես պահուստային ակտիվ` դոլարը իր դիրքերը կզիջի, որ գուցե այդ տեղը լրացնեն զարգացող երկրների արժույթները, այդ թվում` չինական յուանը, բայց եթե նայենք պատկերին, ոչ այդքան չինական յուանն է լրացնում, ոսկին է լրացնում դոլարի դերը:
Տնտեսագետները ոսկու հանդեպ հետաքրքրությունը նաև նախորդ տարվա գնաճով են պայմանավորում, քանի որ տվյալ պարագայում ոսկին դիտարկվում է որպես ներդրումային գործիք:
Էդգար Աղաբեկյան (Ֆինանսիստ) - Տեսնում ենք, որ առաջատար ԿԲ-ները շարունակում են տոկոսադրույքների խստացման կամ բարձրացման միտումը, էս ինֆլյացիոն միջավայրում տոկոսադրույքների բարձրացումն ուղեկցվելու է պարտատոմսերի գների նվազմամբ, և այս դեպքում պիտի նայենք, որ այս գործիքը իրենք որոշակի դիվերսիֆիկացիայի առումով կիրառում են իրենց պորտֆելների մեջ:
2023-ի առաջին եռամսյակի տվյալներով` ոսկու ամենամեծ գնորդը Սինգապուրն է՝ ձեռք է բերել 69 տոննա: 58 տոննայով էլ թարկարժեք մետաղի իր պահուստներն է ավելացրել Չինաստանը` ծավալը հասցնելով 2068 տոննայի, ինչը համաշխարհային ընդհանուր պահուստի 4 տոկոսն է: 30 տոննա ձեռք է բերել Թուրքիան, 7 տոննա` Հնդկաստանը: Իսկ Հայաստանը ոսկու պահուստ չունի արդեն մոտ 20 տարի է:
Նարեկ Կարապետյան - Հիմա Հայաստանին պետք է ունենալ ոսկու պահուստներ, թե չէ դա բավականին ռիսկային գործ է, այսինքն` այն որոշում կայացնողը, որը կորոշի ձեռք բերել ոսկի, իրականում մեծ ռիսկի կենթարկի մեր կենտրոնական բանկի պորտֆելը, որովհետև ոսկին իր բնույթով տատանողական գին ունեցող ու եկամտաբերություն չառաջարկող ակտիվ է:
2003-ին` Տիգրան Սարգսյանի` Կենտրոնական բանկի նախագահ եղած ժամանակ, Հայաստանի ոսկու 1.4 տոննա պահուստները վաճառվեցին 1 ունցիան 400 դոլարով` ընդհանուր մոտ 18 մլն դոլարի դիմաց: Այսօր միջազգային շուկայում ոսկու 1 ունցիայի արժեքը 2000 դոլարից ավելի է: