Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակում եվրոպական կառույցները բացում են իրենց դռները բոլոր այցելուների առաջ:
Այս օրը Եվրամիության համար նշանավորվում է 1950 թվականի մայիսի 9-ին ընդունված՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար և Եվրախորհրդարանի ապագա նախագահ Ռոբերտ Շումանի հռչակագրով, որով ազդարարվեց Ածխի և պողպատի եվրոպական համայնքի ստեղծման մասին: Եվրոպայում համարում են, որ նախաձեռնությունը ոչ միայն կայուն խաղաղության հիմք դրեց, այլև, որպես մոդել որդեգրելով միջազգային համագործակցությունը, ապացուցեց, որ առաջին քայլն է դեպի մերօրյա Եվրոպական միություն տանող ճանապարհ:
Եվրոպայի օրը Բրյուսելում կազմակերպվում է ամեն տարի՝ տոնելու խաղաղությունն ու միասնությունը ողջ Եվրոպայում: Այս տարի էլ Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակում կազմակերպվեցին տարբեր միջոցառումներ: Մայիսի 4-6-ը եվրոպական 14 երիտասարդ դեսպաններ մասնակցեցին Բրյուսելում անցկացվող տոնակատարություններին և միջոցառումներին, այցելեցին ԵՄ կառույցներ, հանդիպեցին ԵՄ պաշտոնյաների հետ։
Սոֆի Աբրահամյան (Եվրոպական երիտասարդ դեսպան) - «Եվրոպական երիտասարդ դեսպաններ» նախաձեռնությունը ծրագրի ԵՄ նախագծերից է, որը հնարավորություն է տալիս Արևելյան եվրոպայի երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Եվրոպական միության, Միացյալ Թագավորության երիտասարդներին միավորվել և կապեր ամրապնդել ԵՄ միջև, այլ կերպ ասած՝ մեր երկրի և ԵՄ համագործակցությանն ենք նպաստում՝ մեր ձայնը բարձրացնելով։ Ինչպես նաև նպաստում ենք քաղաքացիական ակտիվության զարգացմանը և ներգրավվում ենք ԵՄ կողմից ֆինանսավորվող մի շարք ծրագրերում և նպաստում ենք ավելի լավ ապագային։
Ներկայումս ակտիվ գործող դեսպանների թիվն անցնում է 900-ից: Նրանք ներկայացնում են 34 տարբեր ազգություններ. 130-ը Հայաստանից են:
Եվրոպական երիտասարդ դեսպանները Հայաստանում բավականին ակտիվ են ցանցի մասին պատմելով։ Մենք հիմականում այցելում ենք շրջաններ, գյուղական համայնքներ, պատմում երիտասարդներին մեր ցանցի մասին և ԵՄ ընձեռվող հնարավորությունների մասին, մասնավորապես՝ «Էրազմուրսի» ուսանողական կարճաժամկետ ծրագրերի, Եվրոպայում կամավորության ծրագրերի մասին և, իհարկե, կիսվում ենք մեր փորձով, ինչը ոգևորիչ է երիտասարդների համար։
2023-ը հռչակված է որպես Հմտությունների եվրոպական տարի: ԵՄ-ն ամբողջ աշխարհում իր ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով նպաստում է ժամանակակից հմտությունների ձեռքբերմանը, որոնք պահանջված են աշխատաշուկայում և նպաստում են տնտեսության վերականգնմանն ու անցմանը կանաչ և թվային տեխնոլոգիաների։
ԵՄ-ն հայ երիտասարդների համար առաջարկում է բազմաթիվ ծրագրեր. «էրազմուսը», երիտասարդական փոխանակման ծրագրեր, մագիստրոսական ծրագրեր և կարճաժամկետ ծրագրեր, երիտասարադկան փոխանակման ծրագրեր և թրեյնինգներ: Հազարավոր երիտասարդներ են մասնակցում: Սա ավելի է ամրապնդում կապը ԵՄ հետ, ծանոթանում ենք եվրոպական արժեքներին ու ավելի բաց ենք դառնում հանրության առջև։
«Էրազմուս երիտասարդ ձեռներեցների» և «EU4Business» նախաձեռնությունները հնարավորություն են տալիս ստեղծելու սեփական բիզնես՝ տրամադրելով փոքր դրամաշնորհներ և խորհրդատվություն:
ԵՄ-ն բազմաթիվ այլ ծրագրեր է իրականացնում Արևելյան գործընկերության երկրներում՝ ուղղված տուրիզմի, գյուղի, փոքր համայնքների հզորացման, կանաչ և օրգանական գյուղատնտեսության խթանմանը։
Շիրակի մարզի Սարատակ համայնքում նորարարական խնձորի այգին հաջողված ծրագրերից մեկն է։ Սարատակցի ամուսինները 10 հազար եվրո դրամաշնորհով ձեռք են բերել սառնարան՝ բերքը պահեստավորելու, և արևային կայան՝ սառնարանը գործարկելու համար։
Աշոտ Գրիգորյան (մենատնտես) - Երեք փուլով մասնակցել եմ դասընթացների, սովորել եմ նորարարական գյուղատնտեսական կիրառման նոր մեթոդներ՝ բնությանը քիչ վնասելը, քիմիական նյութերից քիչ օգտվելը. բոլորը կատարում ենք բնական ձևերով։
Ծրագրում ընդգրկվելուց հետո այգու տարածքն ընդլայնել են: Որպես լրացուցիչ աջակցություն՝ նրանց ընտանեկան բիզնեսը բրենդավորվել է ծրագրի շրջանակում «Արևայգի» տարբերանշանով։ Հետևելով կանաչ գյուղատնտեսության բոլոր սկզբունքներին՝ ակնկալում են, որ «Արևայգին» տարեկան ավելի քան 1,5 տոննա խնձոր կտա: «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 11,7 մլն եվրո է: Որպես թիրախային մարզեր՝ ընտրվել են Շիրակը, Լոռին և Տավուշը: