ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Սևան քաղաքի 85-ամյա բնակչուհու սպանության մի շարք հանգամանքներ: Վերջինիս որդին ձերբակալվել է:
2023 թ. մայիսի 6-ին՝ ժամը 20:55-ին, «Սևան» ԲԿ է զանգահարել Սևան քաղաքի վերոնշյալ բնակչուհու որդին և հայտնել, որ մայրը իրենց տանը հանկարծամահ է եղել:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննության ժամանակ դիակի վրա՝ մասնավորապես դեմքի ու պարանոցի շրջանում, հայտնաբերվել են կապտուկներ և արյունազեղումներ, վնասվածքներ են հայտնաբերվել նաև դիակի վերին և ստորին վերջույթների վրա:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 50-ամյա տղամարդը ծեծի է ենթարկել մորը և ձեռքերով պարանոցը սեղմելու եղանակով խեղդամահ արել վերջինիս:
50-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Տուժողի որդին հարցաքննվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 50-ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է, և վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: