Ավելի քան մեկ տասնամյակ հետո Սիրիան վերադարձավ ազդեցիկ Արաբական պետությունների լիգա, որտեղից դուրս էր մղվել երկրում բռնկված քաղաքացիական պատերազմի պատճառով, գրում է BBC-ն:
Սիրիայի անդամակցության վերականգնումն Արաբական լիգայում, ըստ BBC-ի, Դամասկոսի և արաբական այլ կառավարությունների միջև հարաբերությունների ջերմացման ևս մեկ վկայություն է: Կազմակերպության գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ Գեյթը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը կարող է մասնակցել Արաբական պետությունների լիգայի հերթական գագաթնաժողովին, որը նախատեսված է մայիսի 19-ին Սաուդյան Արաբիայում:
Կազմակերպության անդամ 22 երկրից 13-ի արտգործնախարարները ներկա են եղել Կահիրեում կայացած հանդիպմանը, որտեղ ընդունվել է Սիրիային վերադարձնելու որոշումը: Նրանք ընդգծել են Սիրիայում քաղաքացիական պատերազմին և դրա հետևանքով փախստականների ու թմրամիջոցների մաքսանենգության ճգնաժամին վերջ տալու անհրաժեշտությունը:
Սիրիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Լիգայի որոշումն ընդունել են «մեծ ուշադրությամբ» և կոչ են արել «ընդլայնել Արաբական համագործակցությունն ու գործընկերությունը»:
ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան քննադատել են Արաբական պետությունների լիգայի այս քայլը: Պետքարտուղարության խոսնակն ասել է, որ Սիրիան արժանի չէ վերականգնվելու, սակայն ԱՄՆ-ն աջակցում է Արաբական լիգայի երկարաժամկետ նպատակին՝ լուծելու Սիրիայում ճգնաժամը:
Մեծ Բրիտանիայի համագործակցության և զարգացման հարցերով պետնախարար լորդ Ահմադը հաստատել է, որ Մեծ Բրիտանիան «դեմ է Ասադի ռեժիմի հետ հարաբերություններին»: