Միասնական սոցիալական ծառայության Սիսիանի տարածքային կենտրոնի շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են։ Առաջիկայում մոտ 12.000 շահառու կօգտվի այդ կենտրոնից: Ծրագրվում է մինչև տարեվերջ գործարկել նախատեսված բոլոր կենտրոնները:
ՄՍԾ 34 տարածքային կենտրոններից 24-ն արդեն կառուցված են, 10-ը շինվերանորոգման և նախագծման փուլում են:
Զուգահեռ միասնական տեղեկատվական համակարգ է ներդրվում:
Վիգեն Անանյան (ՍՊՎ երկրորդ ծրագրի համակարգող) - Եթե քաղաքացին դիմում է նպաստ ստանալու համար ժամանակին, դեռևս այսօր պետք է բոլոր փաստաթղթերը պատրաստի ներկայանա ՄՍԾ տարածքային կենտրոն, որպեսզի իր պահանջները բավարարեն, ստանա համապատասխան ծառայությունը: Դիմումների կառավարման համակարգի ներդրումից հետո այդ ամբողջը լինելու է օնլայն հարթակ մուտք գործելով:
Շուտով կգործարկվեն նաև Գյումրու, Վաղարշապատի, Ալավերդու միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնները: Ակտիվ փուլում են Վայքի, Արթիկի, Սպիտակի կենտրոնների շինաշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել մինչև հոկտեմբերի 31-ը:
Վիգեն Անանյան - Բացի նշված մարզային տարածքային կենտրոններից, նաև պետք է կառուցվեն երեք տարածքային կենտրոններ Երևան քաղաքում՝ Արաբկիր, Էրեբունի-Նուբարաշեն և Նոր Նորք-Ավան: Այդ տարածքային կենտրոններից Արաբկիր տարածքային կենտրոնի շինվերանորոգման աշխատանքները շուտով կսկսեն, իսկ Նոր Նորք և Էրեբունի տարածքային կենտրոնների նախագծման փուլում ենք գտնվում, որոնցից հետո կրկին կանցնենք շինարարության աշխատանքներին:
Մասնագետը նշում է՝ լինում են դեպքեր, երբ տեխնիկական խնդիրների պատճառով առանձին կենտրոններ իրենց նախատեսածից ուշ են շահագործման հանձնում:
Սամվել Հարությունյան (ՍՊՎ երկրորդ ծրագրի ինժեներ-խորհրդատու) - Կոմունալ, ինժեներական ապերետ, աբոնենտ դառնալու հետ կապված միշտ խնդիրներ ա լինում և ձգձվում ա միշտ, էլի, դրա համար էդտեղ ուշացումներ էլ ա լինում: Հիմնական աշխատանքները էս պահին բոլոր տեղերում նորմալ ընթացակարգով աշխատում են:
Միասնական սոցիալական ծառայությունը միավորում է սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր 4 մարմինների՝ սոցիալական ապահովության, սոցիալական աջակցության ծառայությունների, բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնները:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան