Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ կոնցեռնի» տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով քննությունը։ Ծառուկյանն ու Առուստամյանը մեղադրվում են 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրողներին կաշառք բաժանելու մեջ: Խոսքն ընդհանուր 90 միլիոն դրամ ընտրակաշառքի մասին է։ Ըստ մեղադրանքի՝ «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակում 22 համարը զբաղեցրած Վազգեն Պողոսյանը պատմել է, որ Ծառուկյանն իրեն առաջարկել է մասնակցել ընտրություններին՝ պայմանով, որ ապահովի 9 հազար ձայն Գեղարքունիքի մարզում։
Պողոսյանն էլ դիմել էր Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանին և ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին՝ գումար ստանալու համար։ Այսօրվա նիստից առաջ և հետո Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում պնդել է՝ եթե ինքը մեղավոր լիներ՝ կդիմեր, որպեսզի վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով գործը կարճվեր: Նույնը պնդել է նաև Սեդրակ Առուստամյանը:
Գագիկ Ծառուկյան («Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ) - Ի՞նչ ցուցակներ էին:
- Բայց իմ մոտից են գտել, որ հարցնում եք՝ որտեղից գտել են, գնացեք իրենցից հարցրեք, թող պատասխանեն:
- Դուք պնդում եք, որ ընտրակաշառք չեք բաժանել, պարոն Ծառուկյան:
- Ես 5 տարի է՝ նույն բանը ասում եմ, հիմա էլ եմ ասում, եթե մեղավոր լինեի, կդիմեի, որ գործը կարճվեր:
- Այն անձինք, որոնց բնակարաններում հայտնաբերվել են այդ ցուցակները, նրանց հե՞տ էլ առնչություն չունեք:
- Ասենք թե եսիմ որ գյուղում եսիմ ով կա, ես ինչ կապ պետք է ունենամ:
- Ըստ գործի՝ Վազգեն Պողոսյանին կանչել եք, ասել եք, որ ցուցակում լինի, բայց պետք է ձայներ ապահովի:
- Ո՛չ, սխալ եք ասում, ճանաչելով էդ մարդուն, որ հարգանք ունի, բոլորն իրեն ընդունում են, հաջողության դեպքում համապատասխան գործ կտաք:
- Ըստ մեղադրանքի:
- Մեղադրականը այսօր եմ ստացել, դեռ չեմ կարդացել, կարդամ, կպատասխանեմ:
Սեդրակ Առուստամյան («Մուլտի գրուպ կոնցեռնի» տնօրեն) - Ընդունո՞ւմ եք մեղադրանքը, թե՞ ոչ:
- Ես համոզված եմ, որ մեղավոր չեմ:
- Ընտրակաշառք բաժանե՞լ եք:
- Ո՛չ:
Վազգեն Պողոսյանի հետ հարաբերություններ
- Ժամանակին որպես բիզնեսմեն առնչություն ունեցել եմ:
- Իրեն գումար տվե՞լ եք:
- Ո՛չ:
- Եթե չեք բաժանել, ինչու հայտնվեցիք մեղադրյալի աթոռին:
- Հարցրեք նրանց, ովքեր առաջադրել են: