ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իրականացրել և ավարտել է 700 ՄՀց և 800 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություններ տրամադրելու նպատակով մրցույթները։
Ինչպես տեղեկացնում են ՀԾԿՀ-ից՝ նշված մրցույթների արդյունքում 700 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթի 2 x 20 ՄՀց հատվածի հաղթող է ճանաչվել «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն, իսկ 800 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթի 2x10ՄՀց հատվածի հաղթող՝ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն։
«Տրամադրված թույլտվություններով սահմանված պարտավորությունների կատարման արդյունքում 2 տարվա ընթացքում հանրապետության խոշոր քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում կգործարկվի շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիայի ցանց՝ առավելապես «իրերի ինտերնետ»/ IօT տեխնոլոգիայի ներդրմամբ: Կբարելավվի փակ (ներտնային) տարածքներում շարժական լայնաշերտ կապի ծածկույթի հասանելիության որակը, կբարձրացվի կապի ցանցերի հուսալիության և անվտանգության մակարդակն ու կարդիականացվեն անվտանգության համակարգերը, ՀՀ պաշտպանունակության ամրապնդման նպատակով կզարգացվեն (կընդլայնվեն) կապի առկա ենթակառուցվածքները, ինչպես նաև հեռահաղորդակցության բնագավառի մասնագիտությունների կրթական ծրագրերով մասնագիտացված ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունում կհիմնվի էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ծառայություններ մատուցելու հնարավորությամբ ուսումնական լաբորատորիա, որը կնպաստի նշված մասնագիտությունների կրթական ծրագրերով մասնագիտացվող՝ ոլորտի համար անհրաժեշտ որակյալ կադրերի պատրաստմանը։
Մրցութային հիմունքներով նշված ռադիոհաճախականությունների տրամադրմամբ ապահովվել են 2,250 մլրդ դրամի միանվագ (տրամադրման մասով), իսկ հետագայում նաև 1,176 մլրդ դրամ տարեկան (օգտագործման մասով) պետական բյուջեի լրացուցիչ մուտքեր, ռադիոհաճախականությունների օգտագործման պարտադիր վճարների մասով ներկայումս տարեկան շուրջ 8 մլրդ դրամի պետական բյուջեի մուտքերը հասցնելով ավելի քան 9,5 մլրդ դրամի»,- ասված է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ։