Քրեական դատավարության օրենսգրքում նախատեսվող փոփոխությամբ նոր ինստիտուտ կներդրվի՝ հաշտության համաձայնությամբ դատական տուգանքի նշանակում: Խոսքը անձի կողմից առաջին անգամ կատարված ոչ մեծ ծանրության հանցագործությունների մասին է: Գաղափարի հեղինակ դատավոր Ջոն Հայրապետյանն ասում է՝ որպես կանոն, նման գործերով մեղադրյալների 90 տոկոսը մեղքն ընդունում է դեռ նախաքննության փուլում, ու գործը դատարանում զուտ տեխնիկական բնույթ է ստանում:
Ջոն Հայրապետյան (Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր) - Շատ պարզ բանից է միտքը առաջացել, երբ որ ես իջել էի դատական գործի, ու գալիս է մեղադրյալը, ասում է՝ ինչու եք ինձ կանչել դատարան, չէ որ ես քննիչի մոտ երեք անգամ ցուցմունք եմ տվել, որ ինձ մեղավոր եմ ճանաչում: Ես որևիցե բան չունեմ, պատրաստ եմ պատիժը կրեմ, ես գործերից կտրվել եմ, եկել եմ, հարգելի դատարան, այս անգամ էլ պաշտպանը չի ներկայացել, այն անգամ էլ դուք էիք արձակուրդում, ինչու համար, և այդտեղից այդ միտքը ծագեց
Դատավորի գաղափարը ԲԴԽ-ն ընդգրկեց նոր փոփոխությունների շարքում: Հանրային քննարկման դրված նախագծով, ըստ Երանուհի Թումանյանցի, էապես կթեթևանա դատարանների ծանրաբեռնվածությունը, նման գործերը կլուծվեն արագ, առանց ձգձգումների:
Երանուհի Թումանյանց (ՀՀ ԲԴԽ անդամ) - Այս դեպքում շատ արագ ընթացակարգ է, որը քննիչը կիրականացնի, և միանգամից անձին կբացատրի իր իրավունքները, ու ես վստահ եմ, որ յուրաքանչյուր անձ պատրաստ կլինի, որովհետև դա իր համար է, և միևնույն է, ինքը ինչ-որ պատասխանատվության ենթարվելու է, իսկ էսպես տուգանք է, ընդ որում՝ նվազագույն չափով, և երկրորդ ատյանը, էսպես ասած, չակերտավոր դատախազն է, ով որ կստուգի դրա իրավաչափությունը, միգուցե դա առաջին անգամ չէ և այլն, բոլոր պահանջների պահպանումը կլինի, և արդեն առաջին ատյանի դատարանը կհավաստվի այդ ամեն ինչում ու հաստատի այդ դատական ակտը:
Դատարանները տարեկան նման 1500 գործ են ստանում՝ վիճակագրությունն է ներկայացնում Հայրապետյանը: Նկատում՝ հաճախ դրանց քննությունը օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով կարող է ձգձգվել, տևել մոտ 6 ամիս: Իսկ նոր մոդելով, ըստ նրա, ժամկետը ակնհայտ կկրճատվի՝ դատավորը գրավոր ընթացակարգով գործը կքննի, վճիռը կհրապարակի 15-օրյա ժամկետում:
Ջոն Հայրապետյան - Հիմնականում դրանք տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող կամ կասեցված այդ իրավունքը անձի կողմից տրանսպորտային միջոց վարելն է, կամ տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից զրկված անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտաին միջոց վարելը, դա նաև սառը զենք պահելն է ու նաև ամենափոքր չափով թմրանյութ պահելն է:
Միջազգային փորձում կիրառելի նոր ինստիտուտի ներդրումը, ԲԴԽ տվյալներով, 35-40 տոկոսով թոթափելու է դատարանների ծանրաբեռնվածությունը, Թումանյանցի գնահատմամբ՝ այն էական ազդեցություն կունենա՝ առավել ծանր հոդվածներով քրգործերի ողջամիտ ժամկետների պահպանման համար: Նկատում է՝ մասնագիտական համայնքը սպասում է սրան:
Երանուհի Թումանյանց - Այս մասով մենք կարծում ենք, որ շատ լուրջ փոփոխություն կլինի և հետագայում, հիմա արդեն դատավորները բարձրացնում են ոչ միայն ոչ մեծ ծանրության, այլ նաև միջին ծանրության հանցագործությունները էսպես քննելու ընթացակարգը: Հուսով ենք, եթե սա արդարացրեց, միգուցե հետագայում այն նաև այլ զարգացում ունենա:
ԲԴԽ անդամի խոսքով՝ սա ոչ միայն կթոթափի դատարանների բեռը, այլև դատավարության մյուս կողմերի, շահող դուրս կգան բոլորը: Ասում է՝ ծախսային առումով էլ պետությունը Քրեական օրենսգրքով պատժվող, բայց նվազ վտանգավոր հանցագործությունների համար այդքան ռեսուրս չի վատնի՝ դատավորներին ժամանակ տալով կենտրոնանալ ավելի ծանր գործերի վրա: