ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Ստամբուլում մայիսի 14-ին նախատեսված նախագահի ընտրություններին ընդառաջ շուրջ 1.7 միլիոն մարդ մասնակցել է Ռեջեփ Էրդողանի գլխավոր և ամենազանգվածային հանրահավաքին։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի գործող նախագահը, նշել՝ եթե Ստամբուլի բնակիչներն «այո՛» ասեն իր թեկնածությանը, ապա նախագահի ընտրության հարցը կարելի է լուծված համարել։
Նախընտրական հանրահավաք է անցկացրել նաև ընդդիմադիր «Ազգային միություն» դաշինքի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն: Ըստ լրատվամիջոցների՝ այն ևս բազմամարդ է եղել, սակայն հստակ թիվ չի նշվում։ ԶԼՄ-ների տվյալով՝ ընդդիմության հանրահավաքների ժամանակ միջադեպեր են գրանցվել: Անհայտ անձինք մասնակիցների վրա քարեր են նետել, կան տուժածներ:
Քարոզարշավի շրջանակում Քեմալ Քըլըչդարօղլուն նաև «Ո՛չ Արևմուտքի, ո՛չ Արևելքի, սա թյուրքի ճանապարհն է» վերտառությամբ տեսանյութ է հրապարակել, որում հայտնել է՝ ընտրվելու դեպքում կյանքի է կոչելու Թուրքիան Չինաստանին կապող տրանսպորտային նախագիծը, որով պետք է ակտիվացվի Մետաքսի ճանապարհը։
Քըլըչդարօղլուի ներկայացրած նախագիծը բացասական արձագանք է ստացել Ադրբեջանում, քանի որ նրա ցուցադրած քարտեզի համաձայն՝ նախատեսված ճանապարհը չի անցնում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով», շրջանցում է Ադրբեջանը և անցնում է Իրանով:
ԹՈՒՐՔԻԱՆ ՄԵՐԺԵԼ Է ԱՄՆ ԱՌԱՋԱՐԿԸ. ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Անկարան հրաժարվել է ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգեր ուղարկել Ուկրաինա: Մևլութ Չավուշօղլուի խոսքով՝ նման առաջարկ թուրքական կողմը ստացել է Միացյալ Նահանգներից:
«Վաշինգտոնն անգամ խնդրել է թույլատրել C-400-ների ուսումնասիրությունը, բայց մեզ համար դա նույնպես անընդունելի է և հակասում է մեր երկրի անկախ քաղաքականությանը»,- հավելել է Չավուշօղլուն։
Թուրք դիվանագետը նաև անդրադարձել է Սիրիայի հետ շփումներին, ընդգծել՝ Դամասկոս-Անկարա հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթացը հնարավոր է միայն նախապայմանների բացակայության դեպքում։ Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան ոչ մի դեպքում դուրս չի բերի իր զինված ուժերն այդ երկրի տարածքից:
ՄԵԶ ԽՈՍՏԱՑԵԼ ԵՆ ՏԱԼ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԶԻՆԱՄԹԵՐՔԸ. ՊՐԻԳՈԺԻՆ
Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ստորաբաժանումները զենք և զինամթերք կստանան՝ Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակելու համար: Նրա խոսքով՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար Սերգեյ Սուրովիկինը համակարգելու է «Վագների» և ՌԴ ՊՆ-ի երկխոսությունը:
«Նրանք խոստացել են տալ այնքան զինամթերք, որքան մեզ անհրաժեշտ է: Մեզ նաև ասում են, որ Բախմուտում կարող ենք գործել ըստ մեր հայեցողության»,- հավելել է Պրիգոժինը:
Նա հավելել է, որ Բախմուտում «Վագների» նպատակներն ամբողջությամբ իրականացվել են: «Բախմուտում մեր առաջնահերթությունը ոչ այնքան քաղաքի գրավումն է, որքան Ուկրաինայի զինված ուժերի ջախջախումը: Մեր նպատակն էր նաև ժամանակ շահել ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումների համար, որ նրանք վերականգնեն մարտունակությունը»,- եզրափակել է Պրիգոժինը։
Ավելի վաղ «Վագների» ղեկավարը հայտնել էր, որ ընկերության ստորաբաժանումները մայիսի 10-ին դուրս կգան Բախմուտից, քանի որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրաժարվում է իրենց արկեր տրամադրել, ինչի հետևանքով «Վագները» մեծ թվով զոհեր ունի: Պրիգոժինը նաև տեղեկացրել է, որ Բախմուտի 90 տոկոսից ավելին արդեն ռուսական կողմի վերահսկողության տակ է:
ՍԻՐԻԱՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
Սիրիան վերականգնում է մասնակցությունը Արաբական պետությունների լիգայի աշխատանքներին` ասված է ԱԳՆ ղեկավարների մակարդակով Արաբական պետությունների լիգայի խորհրդի արտահերթ նիստի արդյունքներով տարածված հայտարարության մեջ:
«Որոշվել է 2023 թվականի մայիսի 7-ից վերսկսել Արաբական Հանրապետության կառավարության պատվիրակությունների մասնակցությունը Արաբական պետությունների լիգայի խորհրդի նիստերին և նրա բոլոր մարմիններում ու կազմակերպություններում»,- նշված է փաստաթղթում:
Դամասկոսի անդամակցությունը Արաբական լիգային կասեցվել էր 2011 թվականին՝ Սիրիայում ահագնացող քաղաքացիական պատերազմի ֆոնին: Այժմ արաբական երկրների դեսպանատների մեծ մասը վերսկսել է աշխատանքը Դամասկոսում։