ԲԱՅՐԱՄՈՎԸ՝ ԵՐԵՎԱՆ-ԲԱՔՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ադրբեջանի արտգործնախարարը Լիտվա պաշտոնական այցի ընթացքում անդրադարձել է Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ջեյհուն Բայրամովը նշել է, որ չնայած երկկողմ շփումների որոշակի դինամիկային՝՝ տարբեր ոլորտներում, մասնավորապես` խաղաղության հնարավոր պայմանագրի նախագծի շուրջ գրանցված առաջընթացը դեռ չի արդարացնում ադրբեջանական կողմի սպասելիքները:
Բայրամովը հայկական կողմին կոչ է արել ավելի ակտիվ ջանքեր գործադրել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։
«Մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորելու լավագույն ճանապարհը երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչումն է», - ասել է ադրբեջանցի դիվանագետը, հավելել՝ Բաքվի դիրքորոշումն այս հարցում «հստակ է, սկզբունքային և անփոփոխ»։
ԴԵՌ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՎԻՃԵԼԻ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵԼ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՐԵՆ. ՔԱՆԱՆԻ
Իրանի ԱԳՆ խոսնակը հաստատել է Իրանում ադրբեջանցի 4 դիվանագետի անցանկալի անձ ճանաչելու մասին լուրերը: Նասեր Քանանիի խոսքով՝ պատճառը Թեհրանի դեմ Բաքվի ոչ կառուցողական գործողություններ են: Խոսնակն անդրադարձել է նաև Ալիևի վերջին հայտարարություններին, կոչ արել ադրբեջանական կողմին չվարել այնպիսի քաղաքականություն, որը հակասում է երկու երկրի շահերին:
«Մենք դեռևս պատրաստ ենք վիճելի հարցերը լուծել դիվանագիտական ճանապարհով: Ամբիոններից հնչող միակողմանի հայտարարությունները չեն նպաստում դրանց լուծմանը», - ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը։
Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, թե Իրանը հատել է Ադրբեջանի հետ շփումներում առկա բոլոր կարմիր գծերը: Նա ընդգծել է, որ այժմ Բաքու-Թեհրան հարաբերություններն ամենացածր մակարդակի վրա են: Ալիևը զգուշացրել է՝ Իրանում բոլորը պետք է մի պարզ ճշմարտություն հասկանան` Ադրբեջանի վրա ճնշումներն արդյունք չեն տա:
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Ստամբուլում մայիսի 14-ին նախատեսված նախագահի ընտրություններին ընդառաջ` շուրջ 1,7 միլիոն մարդ մասնակցել է Ռեջեփ Էրդողանի գլխավոր հանրահավաքին։
Նախընտրական հանրահավաք է անցկացրել նաև ընդդիմադիր «Ազգային միություն» դաշինքի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն: Ըստ լրատվամիջոցների՝ այն ևս բազմամարդ է եղել, սակայն հստակ թիվ չի նշվում։ ԶԼՄ-ների տվյալով՝ ընդդիմության հանրահավաքների ժամանակ միջադեպեր են գրանցվել: Անհայտ անձինք մասնակիցների վրա քարեր են նետել, կան տուժածներ և ձերբակալվածներ:
Քարոզարշավի շրջանակում Քեմալ Քըլըչդարօղլուն նաև «Ո՛չ Արևմուտքի, ո՛չ Արևելքի, սա թյուրքի ճանապարհն է» վերտառությամբ տեսանյութ է հրապարակել, որում հայտնել է՝ ընտրվելու դեպքում կյանքի է կոչելու Թուրքիան Չինաստանին կապող տրանսպորտային նախագիծը, որով պետք է ակտիվացվի Մետաքսի ճանապարհը։
Քըլըչդարօղլուի ներկայացրած նախագիծը բացասական արձագանք է ստացել Ադրբեջանում, քանի որ նրա ցուցադրած քարտեզի համաձայն` նախատեսված ճանապարհը չի անցնում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով», շրջանցում է Ադրբեջանը և անցնում է Իրանով:
ՄԱՅԻՍԻ 9-Ը ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԿՆՇՎԻ ՈՐՊԵՍ ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հրամանագրով մայիսի 9-ն Ուկրաինայում այսուհետև կնշվի ոչ թե որպես Հաղթանակի, այլ՝ որպես Եվրոպայի օր։
Մայիսի 8-ն էլ ուկրաինացիները կնշեն իբրև Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ հաղթանակի և հիշատակի օր։
Այս փոփոխության մասին Զելենսկու օրինագիծը Ռադան կընդունի արագացված ընթացակարգով:
ՄԵԶ ԽՈՍՏԱՑԵԼ ԵՆ ՏԱԼ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԶԻՆԱՄԹԵՐՔԸ. ՊՐԻԳՈԺԻՆ
Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ստորաբաժանումները զենք և զինամթերք կստանան՝ Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակելու համար: Նրա խոսքով՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար Սերգեյ Սուրովիկինը համակարգելու է «Վագներ»-ի և ՌԴ ՊՆ-ի երկխոսությունը:
Նրա խոսքով՝ «Վագներ»-ի մարտիկներին մնացել է առաջ գնալ ևս 2,37 քառակուսի կիլոմետր, և Բախմուտն ամբողջությամբ կանցնի ռուսական վերահսկողության տակ:
Ավելի վաղ Պրիգոժինը հայտնել էր, որ ընկերության ստորաբաժանումները մայիսի 10-ին դուրս կգան Բախմուտից, քանի որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրաժարվում է իրենց արկեր տրամադրել, ինչի հետևանքով Վագները մեծ թվով զոհեր ունի:
ՌԴ ԶՈՒ-Ն ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՎԻԱՀԱՐՎԱԾՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
Մայիսի 8-ի գիշերը ռուսական ուժերն իրականացրել են պատերազմի սկզբից ի վեր ամենազանգվածային հրթիռային հարձակումը, հայտարարել է Կիևի քաղաքապետը: Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ Կիևի օդային տարածքում ոչնչացվել է ավելի քան 30 անօդաչու թռչող սարք։ Օդային գրոհը տևել է ավելի քան 3,5 ժամ։
Գլխավոր շտաբի տվյալով՝ ռուսական կողմը նաև շարունակում է ֆոսֆորային զինամթերք կիրառել Բախմուտի ուղղությամբ։ Օդեսայում էլ հրթիռակոծության հետևանքով հրդեհ է բռնկվել Սև ծովի ափին գտնվող ձեռնարկություններից մեկի պահեստում։ Օդեսայում նույնպես կան վիրավորներ և 1 զոհ:
ՌԴ-ՈՒՄ ՄՈԼԵԳՆՈՒՄ ԵՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԸ
Ռուսաստանում մոլեգնում են անտառային հրդեհները: Լրատվամիջոցները հայտնում են, որ ամենաբարդ իրավիճակը ստեղծվել է Սվերդլովսկի, Տյումենի և Կուրգանի շրջաններում։ Այդ տարածքներում արտակարգ դրություն է հայտարարվել: Հայտնի է առնվազն 7 զոհի մասին, կան վիրավորներ. ընդհանուր առմամբ այրվել է ավելի քան 60 հազար հեկտար անտառտարածք, վնասվել են բնակելի կառույցներ։ Մարդիկ տարհանվում են:
Անտառային հրդեհներ են գրանցվել նաև Օմսկի, Չելյաբինսկի, Ամուրի շրջաններում, Խաբարովսկի երկրամասում և Հրեական ինքնավար մարզում։
Տեղական իշխանությունները հրդեհների բռնկման համար մեղադրում են քաղաքացիներին՝ նշելով, որ շատերը տարբեր տարածքներում այրում են չոր խոտը և չեն հանգցնում կրակը: Կուրգանում անփութության փաստով քրեական գործ է հարուցվել։