Սոցիալական պաշտպանության ոլորտում առկա հիմնախնդիրները լուծելու նպատակով Երևանում նախատեսվում է ներդնել համայնքային սոցիալական ծառայություններ: Առանձնացված կենտրոններում խոցելի խմբերի համար, ըստ կարիքի, կմատուցվեն տարբեր ծառայություններ: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ այս և այլ խնդիրներն են քննարկվել սոցիալական պաշտպանության խորհրդի նիստում, որին մասնակցել են Երևանի փոխքաղաքապետներ Տիգրան Ավինյանն ու Սուրեն Գրիգորյանը:
Կարևորելով սոցիալական ոլորտի տարբեր կառույցների, միջազգային և հասարակական կազմակերպությունների փորձը՝ փոխքաղաքապետ Ավինյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ հնարավոր կլինի գաղափարներն առավել իրատեսական ծրագրերի վերածել:
«Ոլորտում առաջացող տարբեր խնդիրներ կան, որոնց լուծումների մասին ուզում ենք լսել ձեր կարծիքները: Իհարկե, մենք կառաջարկենք որոշակի ուղղություններ, թե ինչպես է քաղաքապետարանը պատկերացնում սոցիալական պաշտպանության ծառայությունների մատուցումը, մասնավորապես համայնքային ծառայությունների ներմուծումը այս ոլորտ, սակայն այստեղ կարևոր է համատեղ աշխատանքը»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը:
«Մենք ձևավորել ենք սոցիալական պաշտպանության համակարգ, ունենք սոցիալական աշխատողներ, հոգեբաններ: Մեր մասնագետները վեր են հանում խնդիրներն ու կարիքները: Բայց արդյոք ունե՞նք համայնքային այնպիսի ծառայություններ, որպեսզի վերհանված բոլոր խնդիրները կարողանանք լուծել, և, եթե որոշ մասով ունենք, ապա ինչպես դրանք դարձնել առավել արդյունավետ»,- նշել է Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը:
Համայնքային ծառայությունների կենտրոնների ձևավորումը նախատեսվում է ներառել 2024-2026 թթ. զարգացման ծրագրերում:
Քննարկվել են նաև երեխաների պաշտպանութան ոլորտում առկա հիմնախնդիրները, մասնավորապես՝ նոր ծառայությունների անհրաժեշտությունը:
Խորհրդի անդամները ողջունել են քաղաքապետարանի նախաձեռնությունն ու շտապել ընդգծել առաջնահերթ ծառայությունների ներդրման կարիքը, ինչպես, օրինակ, խնամքի հնարավորություն, զբաղվածություն, որն էլ էապես կբարելավի ոչ միայն երեխաների կյանքը, այլև՝ ծնողների ու ընտանիքների:
Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել առաջարկների և փոխգործակցության պատրաստակամության համար՝ ընդգծելով, որ համայնքը շարունակելու է քննարկումները՝ ուղղված սոցիալական պաշտպանության ոլորտում նոր, որակյալ համայնքային ծառայությունների մատուցմանը: