ԲԱՅՐԱՄՈՎԸ՝ ԵՐԵՎԱՆ-ԲԱՔՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ադրբեջանի արտգործնախարարն անդրադարձել է Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ջեյհուն Բայրամովը նշել է, որ չնայած երկկողմ շփումների որոշակի դինամիկային, տարբեր ոլորտներում, մասնավորապես խաղաղության հնարավոր պայմանագրի նախագծի շուրջ գրանցված առաջընթացը դեռ չի արդարացնում ադրբեջանական կողմի սպասելիքները:
Բայրամովը հայկական կողմին կոչ է արել ավելի ակտիվ ջանքեր գործադրել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։
«Մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորելու լավագույն ճանապարհը երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչումն է»,- ասել է ադրբեջանցի դիվանագետը, հավելել՝ Բաքվի դիրքորոշումն այս հարցում «հստակ է, սկզբունքային և անփոփոխ»։
ԴԵՌ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՎԻՃԵԼԻ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՐԵՆ. ՔԱՆԱՆԻ
Իրանի ԱԳՆ խոսնակը հաստատել է Իրանում ադրբեջանցի 4 դիվանագետի անցանկալի անձ ճանաչելու մասին լուրերը: Նասեր Քանանիի խոսքով՝ պատճառը Թեհրանի դեմ Բաքվի ոչ կառուցողական գործողություններն են: Խոսնակն անդրադարձել է նաև Ալիևի վերջին հայտարարություններին՝ կոչ արել ադրբեջանական կողմին չվարել այնպիսի քաղաքականություն, որը հակասում է երկու երկրի շահերին:
«Մենք դեռևս պատրաստ ենք վիճելի հարցերը լուծելու դիվանագիտական ճանապարհով: Ամբիոններից հնչող միակողմանի հայտարարությունները չեն նպաստում դրանց լուծմանը։ Մենք շեշտը դնում ենք բարիդրացիության պահպանման վրա»,- ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը։ Նա նաև հավելել է՝ չպետք է թույլ տալ, որ օտար ուժերը լարվածություն առաջացնեն երկու երկրի հարաբերություններում։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Իրանը հատել է Ադրբեջանի հետ շփումներում առկա բոլոր կարմիր գծերը: Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ այժմ Բաքու-Թեհրան հարաբերություններն ամենացածր մակարդակի վրա են: Ալիևը զգուշացրել է՝ Իրանում բոլորը պետք է մի պարզ ճշմարտություն հասկանան` Ադրբեջանի վրա ճնշումներն արդյունք չեն տա:
ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ՄԻԱՆԱ ՌԴ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ. ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ
Թուրքիան չի պատրաստվում միանալ Ռուսաստանի դեմ Միացյալ Նահանգների և Եվրամիության միակողմանի պատժամիջոցներին՝ հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն։ «Մեզ համար առաջնահերթ են Թուրքիայի շահերը և բարգավաճումը»,- հավելել է Թուրքիայի արտգործնախարարը։
Դիվանագետը քննադատել է Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հայտարարությունն այն մասին, թե ընտրություններում հաղթելու դեպքում իր թիմն առաջնահերթություն կտա Արևմուտքի և ոչ թե Կրեմլի հետ հարաբերությունների զարգացմանը:
Ավելի վաղ Չավուշօղլուն հայտարարել էր նաև, որ Անկարան հրաժարվել է Վաշինգտոնի առաջարկով ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգեր ուղարկել Ուկրաինա՝ նշելով, որ դա հակասում է Անկարայի վարած անկախ քաղաքականությանը։
ՌԴ ԶՈՒ-Ն ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՎԻԱՀԱՐՎԱԾՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
Մայիսի 8-ի գիշերը ռուսական ուժերն իրականացրել են պատերազմի սկզբից ի վեր ամենազանգվածային հրթիռային հարձակումը՝ հայտարարել է Կիևի քաղաքապետը: Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ ՀՕՊ համակարգի գործարկման շնորհիվ բոլոր ԱԹՍ-ները խոցվել են, Կիևի օդային տարածքում ոչնչացվել է ավելի քան 30 անօդաչու թռչող սարք։ Կան ավերածություններ և վիրավորներ, զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել: Ուկրաինական կողմի տվյալով՝ օդային գրոհը տևել է ավելի քան 3,5 ժամ։
Գլխավոր շտաբի տվյալով՝ ռուսական կողմը նաև շարունակում է ֆոսֆորային զինամթերք կիրառել Բախմուտի ուղղությամբ։ Օդեսայում էլ հրթիռակոծության հետևանքով հրդեհ է բռնկվել Սև ծովի ափին գտնվող ձեռնարկություններից մեկի պահեստում։ Օդեսայում նույնպես կան վիրավորներ և 1 զոհ:
ՌԴ-ՈՒՄ ՄՈԼԵԳՆՈՒՄ ԵՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԸ
Ռուսաստանում մոլեգնում են անտառային հրդեհները: Լրատվամիջոցները հայտնում են, որ ամենաբարդ իրավիճակը ստեղծվել է Սվերդլովսկի, Տյումենի և Կուրգանի շրջաններում։ Այդ տարածքներում արտակարգ դրություն է հայտարարվել: Հայտնի է առնվազն 7 զոհի մասին, կան վիրավորներ. ընդհանուր առմամբ այրվել է ավելի քան 60 հազար հեկտար անտառտարածք, վնասվել են բնակելի կառույցներ։ Մարդիկ տարհանվում են: Անտառային հրդեհներ են գրանցվել նաև Օմսկի, Չելյաբինսկի, Ամուրի շրջաններում, Խաբարովսկի երկրամասում և Հրեական ինքնավար մարզում։
Տեղական իշխանությունները և Greenpeace-ը հրդեհների բռնկման համար մեղադրում են մարդկանց՝ նշելով, որ շատերը տարբեր տարածքներում այրում են չոր խոտը և չեն հանգցնում կրակը: Կուրգանում անփութության փաստով քրեական գործ է հարուցվել։