Երևանում մեկնարկել են ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքները: Քաղաքապետարանի գործակարգավարական նիստին փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց, որ այդ մասով լուրջ խնդիրներ կան:
Խոսքը մի քանի ընկերությունների մասին է, որոնք թե՛ տեխնիկապես, թե՛ հնարավորություններով չեն կարողանում ժամանակին իրականացնել աշխատանքը, նույնիսկ եթե մի քանի խմբով է այն արվում: Այդ կապալառուները չունեն նաև համապատասխան տեխնիկական միջոցներ, նաև տարածք, որտեղից ասֆալտ կներկրեն: Ընկերություններից մեկն արդեն 3 նկատողություն է ստացել, մյուսը՝ 1, և այս պահին կան պայմանագրեր, որոնք լուծման ենթակա են:
Ավինյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ փոսալցման աշխատանքը հանձն առած կապալառուները չունեն ասֆալտի գործարան: Ի պատասխան՝ զեկուցվեց, որ «Գնումների մասին» օրենքում չկա այդպիսի կետ, որ ասֆալտի գործարան ունեցող ընկերությունը պետք է զբաղվի փոսալցման աշխատանքներով:
«Գնումների մասին» օրենքը մեր փոխարեն կարողանում է քաղաքականությո՞ւն որոշել: Որովհետև մենք ուզում ենք, որ փոսերը տեղում քանդվեն և փոսալցվեն միանգամից ու նույն օրը»,- ասաց Ավինյանը, ապա հավելեց, թե պայմանագրում պետք է գրել, որ փոսը փորելու նույն օրը պետք է փոսալցում իրականացնել:
«Եկեք ֆիքսենք, որ այսուհետ մեզ մոտ փոսալցման աշխատանքները՝ քանդում և փոսալցում, տեղի են ունենում նույն օրը, և սա է մեր նոր պահանջը բոլոր կապալառուների նկատմամբ: Ովքեր կկարողանան այս պահանջը բավարարել՝ թող գան, մասնակցեն»,- ասաց նա: