Արաբական Միացյալ Էմիրությունները ստացել է Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) երկխոսության գործընկերոջ կարգավիճակ։ Այդ մասին շաբաթ օրը հայտնել է ԱՄԷ լրատվական գործակալությունը։
Ըստ լրատվականի՝ մայիսի 4-5-ը Հնդկաստանում կայացած կազմակերպության արտգործնախարարների հանդիպման շրջանակում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է ԱՄԷ-ի մասնակցությունն ասոցիացիայի աշխատանքներին որպես երկխոսության գործընկեր։ Փաստաթուղթը ստորագրել են ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինգը և Հնդկաստանում ԱՄԷ դեսպան Աբդել Նասեր ալ Շաալին։
ԱՄԷ արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանն ընդգծել է ՇՀԿ-ի դերը Եվրասիայում քաղաքական կայունության և տնտեսական զարգացման գործում՝ նշելով «նման ասոցիացիաների բացառիկ կարևորությունը երկրների միջև համագործակցության ամրապնդման հարցում՝ ընդհանուր նպատակներին հասնելու համար»: