ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը կարծում է, որ Ուկրաինայի ներկայիս ճգնաժամը, հնարավոր է, մոտենում է շրջադարձային կետին: «Այժմ, երբ Չինաստանը մտել է բանակցությունների մեջ, կարծում եմ, որ մինչև տարեվերջ դրանք կհասնեն գագաթնակետին»,- ասել է նա CBS-ին՝ նշելով, որ խոսքը վերաբերում է բանակցային գործընթացներին և նույնիսկ իրական բանակցություններին:
Երբ Քիսինջերին հարցրել են, թե արդյոք ամերիկացի առաջնորդի խնդրանքով կհամաձայնի՞ գնալ Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, նա դրական է պատասխանել, միաժամանակ հավելել, որ Մոսկվա կմեկներ միայն որպես ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական:
Украинская правда-ն հիշեցրել է, որ հուլիսին Հենրի Քիսինջերը հորդորել է Մոսկվայի հետ հնարավոր ապագա բանակցությունների ժամանակ չզիջել Ուկրաինայի տարածքները, որոնք գրավվել են պատերազմի ժամանակ։
ТАСС-ն էլ հիշեցրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքը. «Մոսկվան երբեք չի հրաժարվում բանակցություններից, սակայն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ երկխոսությունը կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե հաշվի առնվեն Ռուսաստանի օրինական շահերն ու մտահոգությունները»։
Այս տարի լրանում է Քիսինջերի 100-ամյակը: Չնայած նա դժվար է լսում, մի աչքը կույր է և սրտի բազմաթիվ վիրահատություններ է տարել, այնուամենայնիվ, աշխատում է օրական մոտ 15 ժամ և, անհավատալիորեն, մնում է իրազեկված և պահանջված համաշխարհային մասշտաբով: