Արտերկրում կազմակերպված նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցել է Թուրքիայի ավելի քան 1,6 մլն քաղաքացի։ Այդ մասին երկուշաբթի հայտնել է Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը, գրում է ТАСС-ը։
Քվեարկությունն ավարտվել է ԱՄՆ-ում, Կանադայում և եվրոպական շատ երկրներում քվեաթերթիկներ այս երկրներից արդեն հասել են Թուրքիա։ Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել է 1 մլն 666 հազար 824 մարդ։
Նշվում է, որ արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիները ընտրություններին կարող են քվեարկել մինչև մայիսի 14-ը:
Ինչպես պարզաբանել են Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդից, ընտրողներին տրվում է երկու քվեաթերթիկ՝ նախագահի թեկնածուների և կուսակցությունների անունների ցուցակով: Կուսակցության քվեաթերթիկը մոտ 20 սմ լայնությամբ և 1 մ-ից ավելի երկարությամբ փաստաթուղթ է, որում նշված է 26 կուսակցություն: Ընտրատեղամասում գրանցվելուց հետո ընտրողին տրվում է «Այո» կամ «Ընտրություն» մակագրությամբ կնիքներ, որոնք պետք է դրվեն քվեաթերթիկի համապատասխան տեղում։ Քվեն չեն հաշվի, եթե ընտրողը չնշի թեկնածուներից որևէ մեկին, կնիք չդնի տարբեր դաշինքներին պատկանող կուսակցությունների դիմաց կամ ինչ-որ ձևով փչացնի քվեաթերթիկը։
Բարձրագույն ընտրական խորհրդի տվյալներով՝ մայիսի 14-ին կայանալիք ընտրություններին կարող է մասնակցել Թուրքիայի 64 միլիոն քաղաքացի։ Նախագահական ընտրություններին չորս թեկնածու է մասնակցում, պետական բարձրագույն պաշտոնի հիմնական հավակնորդներն են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։ Հաղթելու համար թեկնածուն պետք է ստանա ձայների 50%-ից ավելին։ Տեղի քաղաքական վերլուծաբանները չեն բացառում, որ Թուրքիայում նախագահի ընտրությունները կանցկացվեն երկու փուլով։ Այդ դեպքում երկրորդ փուլը կկայանա մայիսի 28-ին։ Հաղթող կճանաչվի ձայների պարզ մեծամասնություն ստացած թեկնածուն։