Մի հատվածում ակտիվ շինարարություն է, մյուսում՝ նախապատրաստություն, երրորդում՝ մրցույթի ամփոփման գործընթաց: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման աշխատանքներում աննախադեպ ակտիվություն կա՝ նշում է շինհրապարակ այցելած ՏԿԵ նախարարը: Առաջին կանգառը Աշտարակ-Թալին հատվածն է:
Գնել Սանոսյան (ՀՀ ՏԿԵ նախարար) - Չափազանց կարևոր հատված է, հաշվի առնելով, որ գործող ճանապարհը բավական լուրջ խնդիրներ ունի, ոչ մի նորմի չի համապատասխանում, և կարծես մեզ հաջողվեց այդտեղ եղած գործընթացները, իրավաբանական դատական գործընթացն առանձնացնել և փորձել շինարարությամբ առաջ գնալ:
Մեկնարկել են Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ հատվածի կառուցման աշխատանքները:
Գնել Սանոսյան - Հունվարից սկսել են աշխատանքները, 18 ամիս է նախատեսված, հաջորդ տարի նոր կավարտվի:
Աշտարակ-Թալինի բետոնային կիսակառույց հատվածի կառուցումն էլ շուտով ավարտելու և երթևեկելի դարձնելու պլաններ կան:
Գնել Սանոսյան - Հիմա մրցութային գործընթացում ենք, առաջիկայում կունենանք շինարար, և պահանջը լինելու է այդ հատվածում որոշակի բարելաման աշխատանք իրականացնի, որից հետո այդ հատվածը ևս կօգտագործենք:
Լանջիկ-Գյումրի հատվածում շինարարությունն ակտիվ փուլում է, զուգահեռ և՛ հողային աշխատանքներ են իրականացվում, և՛ ասֆալտապատման: Նախարարի դիտարկմամբ՝ այս հատվածում որակյալ գործ է արվում:
Գնել Սանոսյան - Կարծում ենք՝ այս տարի կավարտեն հիմնական աշխատանքները և մինչև տարեվերջ ճանապարհը, ինչպես Թալին-Լանջիկը, երկկողմանի կբացենք երթևեկության համար, որը մինչև գարուն կավարտենք:
Շինարարությանը զուգահեռ՝ արդեն պատրաստ հատվածները բացվում են երթևեկության համար, ինչպես, օրինակ՝ Հոռոմի խաչմերուկից մինչև Բենիամին: Հիմնանորոգումը սկսված է նաև Ազատանից դեպի Գյումրի հատվածում:
Գոռ Ավետիսյան («Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն) - Ծածկն ամբողջությամբ պետք է հեռացվի և երեք շերտ ասֆալտ արվի: Այս հատվածը նորոգվելու է մինչև «Շիրակ» օդանավակայանի խաչմերուկ, այդտեղից հետո նախկինում նորոգված ճանապարհ ունենք:
Հիմնանորոգման համար պետբյուջեից 1 մլրդ 260 մլն դրամ է հատկացվել:
Գոռ Ավետիսյան - Նախնական 5.7 կմ ենք պլանավորել, բայց քանի որ ինքը համադրում ունի Տրանշ 5-ի հետ, որը Գյումրին շրջանցող հատված է, այդ հատվածի հետ 400 մ համընկնում ունենք, կթողնենք նույն վիճակում, կհիմնանորոգվի Տրանշ 5-ի հետ:
Տրանշ 5-ը Հյուսիս-հարավի Գյումրիի շրջանցիկ և դեպի Բավրա հատվածն է, նախագիծը դեռևս քննարկումների փուլում է:
Շիրակի մարզում ճանապարհաշինական մեծ ծրագրեր կան: Սանոսյանն Արթիկում հետևեց քաղաքային կամրջի հիմնանորոգմանն ու նաև ավարտված աշխատանքներին:
Հիմնանորոգվում է նաև Հյուսիս-հարավին այլընտրանք համարվող Արմավիրից Գյումրի ճանապարհը:
Գոռ Ավետիսյան - Նախատեսում ենք ամբողջությամբ նորոգել ու հիմնանորոգել, անցած տարի մենք Քարակերտի խաչմերուկից մինչև Արտենի միջին նորոգում արեցինք շուրջ 17 կմ, այս տարի նախատեսում ենք Արմավիրից դեպի Թալին խաչմերուկ նույնպես միջին նորոգում իրականացնել:
Հիմնանորոգվում է 35 կմ հատված՝ պայմանագրային 3.5 մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Առաջինը Թլիկից մինչև Բագրավան հատվածն է:
Գոռ Ավետիսյան - Գտնվում ենք Բագրավան գյուղի հատվածում, այս հատվածում իրականացվում է հին ծածկի հեռացման աշխատանքներ, շուտով կտեղադրվեն ճանապարհի ենթահիմք և հիմք, ու ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն:
Շինարարը վստահեցրեց՝ մոտ 2 շաբաթում արդեն ասֆալտի երկշերտ ծածկը կլինի: Ինչպես նախորդ 4 տարում, այս տարի ևս ճանապարհաշինական բարձր նշաձող է սահմանվել՝ հիմնական շեշտը միջպետական ու հանրապետական ճանապարհների բարեկարգումն է: