«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը` ամբաստանյալի աթոռին: Հակակոռուպցիոն դատարանում սկսվեց նրա և «Մուլտի գրուպ կոնցեռն» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործի քննությունը:
Ընտրակաշառք տալու համար մեղադրվող Ծառուկյանը իրեն մեղավոր չի ճանաչում:
Գագիկ Ծառուկյան («Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ) - Ես 5 տարի ա՝ նույն բանը ասել եմ, մինչև հիմա էլ ասում եմ՝ եթե ես մեղավոր լինեի, ես կցանկանայի, վաղուց արդեն վաղեմության ժամկետը անցել, կդիմեի, որ վաղեմության ժամկետով գործը կարճեն: Դա հիմնական հասկանալի պիտի լինի ձեզ և մյուսներին:
Լրագրողներն այլևս հնարավորություն չունեցան դատարանում՝ նիստերի դահլիճում, Ծառուկյանին ու գործով անցնող մյուս ամբաստանյալին տեսանկարահանելու, պաշտպանական կողմը դատավորի հարցին ի պատասխան ասաց՝ թեև կողմ են նիստի լուսաբանմանը, բայց դեմ՝ տեսա- և լուսանկարահանելուն: Նիստը սկսվելուց հետո դատարանը ճշտեց Ծառուկյանի ինքնությունը:
Գագիկ Ծառուկյան - Գագիկ Կոլյայի Ծառուկյան, ազգությամբ հա՞յ, իհարկե, կրթությունը՝ բարձրագույն, աշխատում եք՝ այո՛, Օլիմպիական կոմիտեի նախագահն եմ, «Մուլտի գրուպ կոնցեռնի» սեփականատերն եմ: Ամուսնացած եք, խնամքին ունեք անչափահաս երեխաներ, մի հատ տղաս ա, նախկինում դատվածություն չե՞ք ունեցել՝ ո՛չ, առողջական վիճակը՝ ընտիր:
Գագիկ Ծառուկյանն ասաց՝ մեղադրական եզրակացությունը առավոտյան է ստացել, ինչն էլ պատճառ դարձավ նիստը հետաձգելուն: Նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցին այս գործով խուզարկությամբ հայտնաբերված ցուցակներից, որոնք վերաբերել են ընտրողներին, ակտիվիստներին տված գումարին: Ասաց՝ ինքը դրանց հետ առնչություն չունի:
- Էն անձինք, որոնց բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել ա ցուցակները, դրանց հե՞տ էլ առնչություն չունեք:
- Ես ասենք թե եսիմ որ գյուղում ով կա, ես ի՞նչ գործ ունեմ նրա հետ:
2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ըստ մեղադրանքի՝ «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակում 22 համարը զբաղեցրած Վազգեն Պողոսյանը պատմել է, որ Ծառուկյանն իրեն առաջարկել է մասնակցել ընտրություններին՝ պայմանով, որ ապահովի 9 հազար ձայն Գեղարքունիքի մարզում։ Պողոսյանն էլ դիմել էր Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանին և ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին՝ գումար ստանալու համար։ Այս դրվագի վերաբերյալ հարցին էլ Ծառուկյանը հետևյալ կերպ պատասխանեց.
Գագիկ Ծառուկյան - Ճանաչելով այդ մարդին, որ հարգանք ունի, բոլորն իրեն ընդունում են, ասել են, որ կարա ինքը մասնակցի, եթե մենք հաջողության դպքում, էդ հաջողությունը, համապատասխան գործ կտանք, այդքան բան ա եղել, բայց մեղադրանքում նշվում է...
Գործով մյուս ամբաստանյալ Սեդրակ Առուստամյանը նույնպես մեղադրանքը չի ընդունում:
Գագիկ Ծառուկյան - Ընտրությունների ընթացքում ընտրակաշառք բաժանել եք՝ ո՛չ: Վազգեն Պողոսյանի հետ ինչ հարաբերությունների մեջ եք:
Առուստամյանն ասաց՝ գործով առանցքային անձի՝ Վազգեն Պողոսյանի հեռ առերեսվել է:
Գագիկ Ծառուկյան - Որ ես իրան ո՛չ կաշառք եմ տվել, ո՛չ փող եմ տվել, ընտրությունների մասին ոչ մի զրույց չենք ունեցել, ինքը պնդել է, որ եղել է՝ ո՛չ:
Թե ի վերջո ինչ հակասություններ են եղել իր և Պողոսյանի ցուցմունքների միջև, որ առերեսման անհրաժեշտություն է եղել, Առուստամյանն այդպես էլ չասաց: Ըստ գործի նյութերի՝ խոսքը 90 միլիոն դրամ ընտրակաշառքի մասի է: Այս գործի վաղեմության ժամկետները թեև անցել են, սակայն Ծառուկյանն ու Առուստամյանը դեմ են այդ հիմքով իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան