Բյուջեն շարունակում է աճել կանխատեսվածից ավելի արագ: Պետական եկամուտների կոմիտեն այս տարվա հունվար-ապրիլին հավաքագրել է 758.1 մլրդ դրամի հարկեր և տուրքեր, սա 20 տոկոսով կամ 126.3 մլրդ-ով ավելի է 2022-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Սերգեյ Բագրատյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Այստեղ էական նշանակություն ունի հարկային վարչարարությունը` ճիշտ կազմակերպելու իմաստով: Չկա ստիպողական մեթոդ, եթե նայենք հարկային մարմինների կողմից վարույթներին՝ անհամեմատ վարույթները պակասել են, որովհետև լավ մթնոլորտ է, և տնտեսվարողների շրջանում հարցումներ անելիս նկատելի է դա, որ իրենք այլևս հարկային մարմինների հետ հարաբերություններում ոչ թե որպես պատասխանատվությունից խուսափող՝ այլ պահանջատեր են հանդես գալիս:
Ըստ մասնագետների՝ վարչարարությունը հնարավորություն է տալիս տնտեսական աճի տեմպերից ավելի մեծ հարկային եկամուտ ստանալ:
Սոս Խաչիկյան (ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ) - Ցանկացած լրացուցիչ հարկային եկամուտ պետությանը հնարավորություն է տալիս նոր ուղղությունների վրա ավելի մեծ ուշադրություն դարձնել, և սա իսկապես մեծ հնարավորություն է: Հարկային եկամուտը նաև շրջանառու միջոցների, այսպես ասենք, օտարում է տնտեսվարողից, բայց օտարում է` ի օգուտ պետության, և այս դեպքում, եթե օտարվում է տնտեսվարողից, պետք է պետությունը դա կարողանա շատ ավելի լիարժեք օգտագործել հետագա ներդրումային քաղաքականության, իր նպատակների իրականացման համար:
2023 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 125.5 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 51.1 մլրդ դրամով կամ 68.6 տոկոսով:
Սերգեյ Բագրատյան - Ինչքան մենք տնտեսվարողների ԱԱՀ-ն կամ եկամտային հարկը ֆիզանձերի դեպքում վերադարձնում ենք՝ այնքան ակտիվացնում ենք շրջանառությունը: Ճիշտ ժամանակին վերադարձրած գումարները գեներացնում են նոր հարկեր:
2023-ի առաջին կիսամյակում նախատեսված է հավաքագրել 1 տրլն 54 մլրդ դրամ, 4 ամսում այն կատարվել է մոտ 72 տոկոսով:
Սոս Խաչիկյան - Հաշվի առնելով, որ այս ժամանակահատվածը սովորաբար բավականին բարդ է հարկային եկամուտների հավաքագրման տեսանկյունից, և այս բարդ ժամանակահատվածում իսկապես ունենք բավականին մեծ լրացուցիչ եկամուտներ, ապա միանշանակ կարելի է արձանագրել, որ ֆորսմաժորների բացակայության պայմաններում այդ ցուցանիշը մենք նույնիսկ կգերակատարենք:
Հարկային եկամուտների առումով ամենաակտիվն ապրիլն է եղել և 4 ամսվա ընդհանուր մուտքերի գրեթե 61 տոկոսը հենց ապրիլին է հավաքագրվել:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան