«Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ Հայաստանն ու Ադրբեջանն ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ: Սա միակ հայտարարությունն է, որն արեցին Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները՝ մայիսի 1-4-ը ԱՄՆ-ում կայացած բանակցություններից հետո: Հանդիպումների, թերևս ամենալավատեսական գնահատականը հյուրընկալող երկրինն էր. պետքարտուղար Բլինքենը «մարաթոնի վերջին մղոն» որակեց այն կետը, որտեղ գտնվում է հայ-ադրբեջանական հակամարտությունը:
Վերլուծաբանները նշում են՝ Վաշինգտոնը փորձում է ստանձնել ակտիվ դերակատարություն ու շահագրգռված է առաջընթացի գրանցմամբ, բայց Երևանի համար կարևոր են Արցախի հայության անվտանգությունն ու իրավունքները, իսկ Բաքվի քայլերն ու հայտարարությունները դրանք հարգելու վստահություն չեն ներշնչում: Հետևաբար, խաղաղություն ենթադրող փաստաթղթի ստորագրումը այս հանդիպումների արդյունքում իրատեսական չեն համարում, չհերքելով, սակայն երկխոսության դրական ազդեցությունը հարաբերությունների ապագայի վրա:
-Հակամարտության կարգավորման առաջին իսկ փորձերի ժամանակ, ԱՄՆ-ն փորձում էր հետ չմնալ Ռուսաստանից և ստաձնել պատասխանատվության մի մասը՝ 1994-ին նախատեսվող խաղաղապահ առաքելության կազմում դիվանագետ ունենալով, 95-ից էլ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությամբ: Այս ընթացքում ամերիկյան միջնորդությամբ կարգավորման ամենամեծ հաանականությունը թերևս 2002-ին էր՝ Քի Վեսթում: Բանակցությունները կրկին տևեցին մի քանի օր, ադրյուքնում մշակվեց նախագիծ, սակայն ադրբեջանական կողմը հետագայում հրաժարվեց դրանից: