Եթե փորձեք տարբերություն գտնել այս 200 դրամանոցների միջև, անզեն աչքով դժվար թե ստացվի: Տեսքից գրեթե չտարբերվող մետաղադրամներից մեկն իրականում կեղծ է, քրեական գործի իրեղեն ապացույց է: Եզրակացություն ստանալու համար նախաքննական մարմինն այն ուղարկել է արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն: Ընդամենը երեք րոպե ու պատասխանը պատրաստ է:
Տեսեք՝ էս կեղծ 200 դրամանոցի մեջ հայտնաբերել է 34 տոկոս ցինկ, բայց ԿԲ տվյալներով մենք տեսնում ենք որ ցինկը պետք է լինի մինչև 0.2 տոկոս, այսինքն՝ ակնհայտ երևաց, որ սա կեղծ ա, ցինկի պարունակությունը նախատեսվածից անգամներ շատ է:
Փորձաքննությամբ միայն ցինկի պարունակությունը չի որոշում, ձուլվածքի ամբողջ բաղադրությունը էկրանին է: Կենտրոնի ավագ մասնագետը, որի ինքնությունը, անվտանգությունից ելնելով, չենք բացահայտում, նշում է՝ ամիս չկա, որ կեղծ մետաղադրամ չգա փորձաքննության: Նոր սարքը կիրառվում է նաև թանկարժեք մետաղների դեպքում, ի տարբերություն կողքին դրված 80-ականների սարքի, փորձանշումը չի վնասում:
Թանկարժեք մետաղների ու համաձուլվածքների անալիզի համար էս սարքը շատ կարևոր է էն տեսանկյունից, որ առանց վնասման երեք րոպեի ընթացքում կարելի է պարզել ամբողջ բաղադրությունը և պարզել՝ ոսկի՞ է, թե՞ այլ համաձուլվածքից է պատրաստված: Սրա դեպքում նմուշ էինք վերցնում, ասենք, սվեռլոյով կամ խարտոցով, լցնում էինք էլեկտրոդի մեջ ու այրում էինք կատարում, այսինքն՝ նախ ապրանքային տեսքն էր փչանում, հետո պետք է այրեինք, ու էդպես երկու ժամ տևում է, մինչև ամբողջական հաշվարկը կատարում էինք ու արդյունք էինք ստանում:
Կլինի պինդ, հեղուկ թե փոշենման զանգված՝ նոր սարքի ձեռքբերումով բարձրացել է փորձաքննության արդյունավետությունը՝ ընդգծում է մասնագետը:
Արդեն ինչքան պինդ նյութ որ գալիս է, որոնց էլեմենտային բաղադրությունը պետք է որոշենք, մենակ էս սարքով ենք որոշում, որովհետև այն ամբողջ ծավալը փակում է:
Մասնագետներն արձանագրում են՝ մեկ հպումով կատարվող գործողությունը կրճատել է ոչ միայն փորձաքննության ժամանակը, այլև փորձագիտական եզրակացությունը դարձրել է ավելի արժանահավատ ու հիմնավոր: