Վեսթմինսթերյան աբբայությունում տեղի է ունեցել Չարլզ III-ի և նրա կնոջ՝ Կամիլայի թագադրման հանդիսավոր արարողությունը: Մեծ Բրիտանիայում թագադրման արարողություն վերջին անգամ տեղի էր ունեցել 70 տարի առաջ: Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին Չարլզ III միապետի գլխին է դրել Սուրբ Էդուարդ Խոստովանողի թագը։ Այն պատրաստվել է 17-րդ դարում, կշռում է ավելի քան 2 կիլոգրամ և զարդարված է 400 թանկարժեք քարերով: Օծման խորհրդավոր արարողությունը, սակայն, չի հեռարձակվել: Բուքինգհեմյան պալատը ծիսակարգի բոլոր մանրամասները հայտնել էր նախապես։ Օծման արարողությունից հետո Չարլզ III-ը հագել է նախկին միապետների կրոնական զգեստները, որոնք կրել է նաև նրա մայրը՝ Եղիսաբեթ Երկրորդը։
Միջոցառմանը հրավիրված են եղել 2000-ից ավելի հյուրեր, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ տարբեր երկրներից: Լոնդոն են մեկնել նաև Միացյալ Նահանգների և Ուկրաինայի առաջին տիկնայք: Թագադրության արարողությանը չեն հրավիրել Աֆղանստանի, Բելառուսի, Վենեսուելայի, Իրանի, Մյանմայի, Ռուսաստանի և Սիրիայի ղեկավարները։
Միջոցառմանը մասնակցել են նաև Չարլզ III-ի ավագ որդին՝ արքայազն Ուիլյամը կնոջ՝ Քեյթ Միդլթոնի հետ, և կրտսեր որդին՝ արքայազն Հարին, որը Վեստմինսթերյան աբբայություն է մեկնել առանց կնոջ՝ Մեգան Մարքլի։ Երկու ժամից ավելի տևած թագադրությունից հետո Մեծ Բրիտանիայի թագավորը և թագուհին զանգերի ղողանջների ներքո վերադարձել են Բուքինգհեմյան պալատ։ Մայիսի 7-ին էլ Չարլզ III-ի թագադրության կապակցությամբ համերգ կկազմակերպվի, որի ընթացքում ելույթ կունենան ԱՄՆ-ից ժամանած արտիստներ։
Լրատվամիջոցները գրում են, որ արարողությունն ուղեկցվել է ցույցերով։ Մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել, գոչել՝ «Չարլզ երրորդը մեր թագավորը չէ», «Մեծ Բրիտանիան թագավորի կարիք չունի»:
ԲԱԽՄՈՒՏՈՒՄ ԿԱՏԱՂԻ ՄԱՐՏԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Բախմուտում կատաղի մարտեր են: Ուկրաինայի ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ռուսական ուժերը մայիսի 5-ի երեկոյան Բախմուտում ֆոսֆորային և հրկիզող զինամթերք են կիրառել:
«Վագներ»-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինն էլ տեղեկացրել է, որ մասնավոր ռազմական ընկերության մարտիկները գրավել են քաղաքի շուրջ 90 տոկոսը: Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը գործում է համակարգված, հրետանային հարվածներ է հասցնում, մեծ թվով անօդաչու թռչող սարքեր կիրառում:
«Մարտերը շարունակվում են առավոտից երեկո՝ առանց դադարի»,- ընդգծել է Պրիգոժինը։
Ավելի վաղ «Վագներ»-ի ղեկավարը հայտարարել էր, որ ռազմական ընկերության զինվորները ռազմամթերքի պակասի պատճառով մայիսի 10-ին կլքեն Բախմուտի դիրքերը՝ դրանք հանձնելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը: Նա մեղադրել է գերատեսչությանը և գլխավոր շտաբի պետին՝ նշելով, որ իրենց առանց որևէ հիմնավորման հրաժարվում են արկեր տրամադրել, ինչի հետևանքով «Վագները» մեծաթիվ զոհեր ունի: Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարն էլ տեղեկացրել է, որ երկրի զինված ուժերը Բախմուտի ուղղությամբ ոչնչացրել են «Վագներ»-ի զինամթերքի պահեստները։
ՌԴ Է ՎԵՐԱԴԱՐՁԵԼ 3, ՈՒԿՐԱԻՆԱ՝ 45 ԳԵՐԻ
Բարդ բանակցությունների արդյունքում Ուկրաինան Ռուսաստանին է վերադարձել ՌԴ օդատիեզերական ուժերի երեք օդաչուի, հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից: Նրանք կտեղափոխեն ՌԴ ՊՆ-ի բուժհաստատություններ: Գերությունից ազատված զինծառայողների հետ աշխատում են բժիշկներ և հոգեբաններ։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրիյ Երմակն էլ հայտնել է, որ Կիևին են վերադարձվել Ազգային գվարդիայի 45 մարտիկներ, որոնք ներգրավված են եղել «Ազովստալի» մարտերում:
ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ԶԻՆՎՈՐԻ ՀԱՄԱՐ ԼՈՒՐՋ ՀԱՄԱԼՐՈՒՄ ԵՆՔ ՍՏԱՑԵԼ. ԶԵԼԵՆՍԿԻ
Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Եվրոպա կատարած վերջին շրջագայության ընթացքում արևմտյան պետությունների հետ ռազմական մատակարարման շուրջ նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել։
«Հելսինկիում և Հաագայում տեղի ունեցած քննարկումների արդյունքում ուկրաինացի զինվորների համար լուրջ համալրում ենք ստացել՝ ցամաքում, օդում և ջրում։ Լուրջ առաջընթաց կարող ենք արձանագրել նաև ՆԱՏՕ-ի և ԵՄ հետ հարաբերություններում»,- հավելել է Վոլոդիմիր Զելենսկին։
Նա հավելել է, որ Կիևը կանի հնարավորը՝ պատասխանատվության ենթարկելու Ռուսաստանին: