Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել: Լրատվամիջոցների տվյալով՝ Ջեյհուն Բայրամովը և Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության հնարավոր պայմանագրի նախագծի շուրջ վերջին զարգացումները, մասնավորապես` մայիսի 1-4-ը Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների գլխավորությամբ անցկացված բանակցությունները:
Դիվանագետները մտքեր են փոխանակել նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ և բազմակողմ գործակցության, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակի շուրջ:
ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՎՏԱՆԳԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է. ԱՔԱՐ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգություններն ու լարվածությունը մտահոգության տեղիք են տալիս, նշված է Թուրքիայի պաշտպանության նախարարի հեղինակած հոդվածում, որը հրապարակվել է թուրքական պարբերականներից մեկում։
«Իրավիճակն անկայուն է, խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման մեր հույսն աստիճանաբար մարում է... Չնայած հակամարտությունն այժմ սառեցված է՝ ռազմական գործողությունների վերսկսման վտանգը մեծանում է, քանի որ համաձայնագիրը ձգձգվում է», - նշել է Հուլուսի Աքարը:
Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև կարծիք է հայտնել, թե իբր այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչումը կնպաստի տարածաշրջանում գործակցությանը, կայունությանը և զարգացմանը։
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄՆ ԱՆՀԻՄՆ Է ՈՐԱԿԵԼ ԻՐԱՆԻ ՔԱՅԼԸ
Բաքուն հաստատել է, որ Իրանը անցանկալի անձ է հայտարարել ադրբեջանցի չորս դիվանագետի և պարտավորեցրել լքել երկրի տարածքը: Ադրբեջանական կողմն այդ քայլը անհիմն է որակել:
«2023 թվականի ապրիլի սկզբին Ադրբեջանի կառավարությունը Բաքվում Իրանի դեսպանատան 4 աշխատակցի «պերսոնա նոն գրատա» ճանաչեց՝ դիվանագիտական կարգավիճակին չհամապատասխանող գործունեության համար։ Իրանական կողմն, առանց որևէ պատճառաբանության, մի քանի օր անց անցանկալի անձ է հայտարարել դեռ հունվարին փակված ադրբեջանական դեսպանատան 2 աշխատակցի, ինչպես նաև գլխավոր հյուպատոսության 2 դիվանագետի»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։
Այխան Հաջիզադեի խոսքով՝ նման քաղաքականությունը վնասում է Թեհրանի և Բաքվի հարաբերություններին, որոնցում առանց այդ էլ մի շարք խնդիրներ կան
ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱԶԲԵԳԻ-ՎԵՐԻՆ ԼԱՐՍ ԱՆՑԱԿԵՏՈՒՄ
Կազբեգի-Վերին Լարս անցակետում մայիսի 5-ից Վրաստանի իշխանությունները թեթև մարդատար ավտոմեքենաների համար նախատեսված առկա ելքերը մեկ ամսով կփակեն՝ նոր ուղիների շինարարական և վերականգնողական աշխատանքներով պայմանավորված, հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարությունից: Թեթև մարդատար ավտոմեքենաների տեղաշարժը ժամանակավորապես կիրականացվի բեռնատարների համար նախատեսված պահեստային ելքերով: Մաքսակետով մարդկանց տեղաշարժը կապահովվի սովորական ռեժիմով՝ առանց որևէ խոչընդոտի։
«ՎԱԳՆԵՐԸ» ՄԱՅԻՍԻ 10-ԻՆ ԿԼՔԻ ԲԱԽՄՈՒՏԸ
Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության զինծառայողները ռազմամթերքի պակասի պատճառով մայիսի 10-ին կլքեն Բախմուտի դիրքերը՝ դրանք հանձնելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը: Նա մեղադրել է նախարարությանը և գլխավոր շտաբի պետին՝ նշելով, որ իրենց հրաժարվում են արկեր տրամադրել, ինչի հետևանքով մեծաթիվ զոհեր ունեն:
Ավելի վաղ՝ նա նաև հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերն արդեն սկսել են հակահարձակումը և շատ շուտով կանցնեն ակտիվ ռազմական գործողությունների:
Մինչ այդ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը ոչնչացրել են Բախմուտի ուղղությամբ «Վագների» զինամթերքի պահեստները։
ՇՈՅԳՈՒՆ ԿԱՐԳԱԴՐԵԼ Է ՎԵՐԱՀՍԿԵԼ ԶԵՆՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԸ
ՌԴ պաշտպանության նախարարը կարգադրել է վերահսկել ռազմական գործողությունների գոտում գտնվող խմբերին զենքի և ռազմատեխնիկայի անխափան մատակարարումները։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Սերգեյ Շոյգուն Հարավային ռազմական օկրուգում նաև ստուգել է հատուկ գործողության շրջաններում ՌԴ ԶՈւ ստորաբաժանումներին ուղարկվող ռազմական տեխնիկայի և սպառազինության վիճակը», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ։
ԱՀԿ-Ն ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻ ՄԱՍԻՆ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը տեղեկացրել է 2020 թվականից կորոնավիրուսի պատճառով ամբողջ աշխարհում հայտարարված արտակարգ դրության ավարտի մասին։
Թեդրոս Գեբրեյեսուսն, այնուհանդերձ, հորդորել է զգոն լինել, քանի որ կորոնավիրուսը, նրա խոսքով, չի անհետացել, շարունակում է մուտացիայի ենթարկվել:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՉԱՐԼԶ ԹԱԳԱՎՈՐԻ ԹԱԳԱԴՐՈՒԹՅԱՆԸ
Մեծ Բրիտանիան պատրաստվում է Չարլզ թագավորի թագադրությանը: Վերջինս կնոջ՝ Կամիլայի հետ ուղևորվել է Վեսթմինսթերյան աբբայություն՝ մայիսի 6-ին նախատեսված թագադրման վերջին փորձն անցկացնելու համար, հայտնում են բրիտանական լրատվամիջոցները: Բուքինգեմյան պալատը և լոնդոնցիները ևս նախապատրաստվում են վաղվա միջոցառմանը: Լոնդոնի փողոցներում ուժեղացված է անվտանգությունը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն էլ Չարլզ թագավորի թագադրմանն ընդառաջ Դաունինգ Սթրիթի նստավայրում ընդունում է համաշխարհային առաջնորդների: