Բարև ձեզ, պարո՛ն վարչապետ:
Բարև ձեզ:
Առաջին հարցազրույցը՝ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ 5 օր տևած բանակցություններից հետո: Հայաստանի վարչապետի խոսքով՝ կողմերի միջև տարաձայնություններն ու տարընթերցումները չեն վերացել, իսկ առանցքայինը Լեռնային Ղարաբաղին է վերաբերում, մասնավորապես՝ արցախահայության իրավունքների և անվտանգության շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունների ձևաչափին: Բացի դրանից՝ կարևորագույն խնդիրների շարքում է պայմանագրի ստորագրումից հետո խաղաղության երաշխավորման հարցը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Այդ հարցերի շուրջ կարող է լինել որոշակի շարժ, բայց եթե տարբերությունը 1 կմ էր, դարձավ՝ 999 մետր, այո, որոշակի մոտեցանք, բայց ճեղքը շարունակում է մնալ շատ մեծ:
Երբ Հայաստանը բարձրացնում է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և ազատության հարցերը, Բաքուն սկսում է խոսել Արևմտյան Ադրբեջանի և փախստականների մասին՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշում է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը մեջբերում է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որում արձանագրված է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի հովանու ներքո փախստականներն ու ներքին տեղահանվածները պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ:
Նիկոլ Փաշինյան - Բայց մենք էսօր տեսնում ենք, որ մինչև էսօր Հադրութի հայերը չեն վերադարձել իրենց տները, Շահումյանի հայերը էս ձևակերպման ներքո պետք ա վերադառնան իրանց տները, Մարտակերտի, Մարտունու և այլն, և այլն: Բացի իմ նշած հատվածներից՝ 500 հազար հայ ունենք Ադրբեջանի տարբեր հատվածներից:
ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ԳՅՈՒՂԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՀԱՐՑՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
Նախորդ շաբաթ ՄԱԿ-ում Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման համար Երևանը պետք է 8 այսպես կոչված օկուպացված գյուղ վերադարձնի: Երևանից էլ հայտարարում են, որ Ադրբեջանն է գյուղեր օկուպացրել. արդյոք օրակարգում այդ գյուղերի փոխանակման կամ վերադարձի հարց կա՞:
Նիկոլ Փաշինյան - Մենք էլ ունենք օկուպացված գյուղեր, և գյուղը մենակ գյուղապետարանի շենքը չի, կամ, ենթադրենք, Բերքաբեր գյուղը, Վազաշեն, Այգեհովիտ, Պառավաքար. պատրա՞ստ է Ադրբեջանը վերադարձնել: Եթե պատրաստ է, այո, մենք պատրաստ ենք: Բայց այստեղ ուրիշ հարց կա. ենթադրենք՝ Ադրբեջանի կամ Հայաստանի զորքը կանգնած է այս գծի վրա, և պետք է այդ գծից հետ քաշվի, էդ սկզբունքորեն համաձայն ենք, բայց պիտի հետ քաշվի գնա որտե՞ղ կանգնի, էդ կանգնելու տեղը, էդ գիծը ո՞նց է որոշվում: Նշանակում է՝ այդտեղ կա սահման, եթե կա սահման, ուրեմն եկեք վերցնենք էդ սահմանը և ադրբեջանական զորքը սահմանի գծից էս կողմ չպետք է լինի, հայկական զորք սահմանի գծից էն կողմ չպետք է լինի:
Փաշինյանն ընդգծում է՝ շատ հնարավոր է՝ ոչ թե դա տեղի ունենա, նոր ստորագրվի խաղաղության պայմանագիր, այլ պայմանագիր ստորագրվի այն մասին, թե դա ֆիզիկապես ինչպես և ինչ ժամկետում պետք է տեղի ունենա:
Խաղաղության պայմանագրի միջազգային երաշխիքների և երաշխավորների հնարավոր ձևաչափի մասին. այս պահին մի քանի տարբերակ է քննարկվում, լուծում դեռ չկա՝ տեղեկացնում է վարչապետը:
Նիկոլ Փաշինյան - Պետք ա լինի համատեղ հանձնաժողով: Էս հանձնաժողովը հնարավոր է՝ չկարողանա համաձայության հասնել: Պետք ա հստակ լինի, թե անհամաձայնության դեպքում որն ա էն մարմինը, որտեղ կայացրած որոշումը լինի վերջնական: Հնարավոր է՝ էս հանձնաժողովը ունենա երրորդ կողմ, որի ձայնը լինի որոշիչ:
Վարչապետը հիշեցնում է՝ կարգավորման շուրջ 2022 թվականի օգոստոսին ռուսական կողմը գրավոր առաջարկ է ներկայացրել: Մենք ընդունել ենք առաջարկը, Ադրբեջանը՝ մերժել:
Նիկոլ Փաշինյան - Եվ մենք չենք տեսել Ռուսաստանի կողմից երկրորդ անգամ այդ տարբերակը սեղանին դնելու գործընթաց: Եվ ես ասում եմ՝ որ պահին դա դրվի սեղանի վրա, մենք պատրաստ ենք դրանով առաջ գնալ, բայց Ռուսաստանի Դաշնությունը ինչքանով է հետապնդում էդ տարբերակը: Ռուսաստանի ներկայացուցիչը, երբ բերել ա է տարբերակը, մենք ուսումնասիրել ենք և ասել ենք «այո՛», աներկբա, տարընթերցումների տեղիք չտվող՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգվում է:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ՝ ԱՐՑԱԽԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ
Ադրբեջանի նախագահը պատրաստ չէ լայն ինքնավարություն տալ Ղարաբաղին՝ նշել է վարչապետը: Հարցին ի պատասխան՝ ինչու է այդ մասին հիմա միայն խոսվում, իսկ արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարում էր Շուշիի, Հադրութի ապաօկուպացիայի, Արցախի ինքնորոշման մասին, Փաշինյանը մանրամասնում է՝ այդ ուղղությամբ շարժվելիս խնդիրների են բախվել:
Նիկոլ Փաշինյան - 30 տարի մենք ասում էինք՝ ինքնորոշում, ինքնորոշում՝ առանց ֆունդամենտալ պրոբլեմը հասկանալու։ Այո, մենք մեր խնդիրը չենք ախտորոշել մինչև վերջ: Խնդիրները մենք դրել ենք, ձևակերպել ենք և գնացել ենք այդ խնդիրների հետևից: Մեր նշաձողը ԼՂ հարցում եղել է ամենաբարձրը»:
«ՆԵՄԵՍԻՍԻ» ՏԵՂԱԴՐՄԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՄ ՍԽԱԼ. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման որոշումը ոչ թե Կառավարությունն է կայացրել, այլ քաղաքային իշխանությունը՝ նշել է վարչապետը, շարունակել՝ որոշումը սխալ է համարում:
Նիկոլ Փաշինյան - Եվ այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ։ Դա տեղի է ունեցել էմոցիոնալ ֆոնի վրա և մի իրավիճակում, երբ Հայաստանում շատերը շատերին դավաճան էին համարում, և շատերը շատերին սպառնում էին դավաճանության համար գնդակահարել պատերի տակ։
ԹՔԵԼՈՒ ԲՈԼՈՐ ՓՈՐՁԵՐԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՎՐԱ ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ ԵՆ
ԱԺ նախագահի՝ քաղաքացու վրա թքելու փաստին անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանը նշեց.
Նիկոլ Փաշինյան - Իհարկե, սխալ է տեղի ունեցել, բայց այդ սխալը տեղի է ունեցել ոչ թե նրա համար, որ այդ սխալի հեղինակը հանրապետության երկրորդ պաշտոնյան է, տեղի է ունեցել նրա համար, որ այդ հանրապետության երկրորդ պաշտոնյան մարդ է: Այ, եթե ինքը լիներ աստված, այդ սխալն իրեն թույլ չէր տա:
ՄԱՐՏԻ 1-Ի ՈՃՐԱԳՈՐԾՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԵՆ
Մարտի 1-ի ոճրագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն, սակայն տեղի ունեցան իրավական գործընթացներ, որոնք այլ ուղղությամբ ընթացան. այդ հարցը ևս իրենց օրակարգում է՝ նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյան - Պետություն կա, իրավական ընթացակարգեր կան: Ես կացինն ու ձեռնաշղթաները չեմ առնելու գնամ-մարդ ձերբակալելու: Սկզբունքորեն, կարելի է գնալ այդ ճանապարհով, բայց դա սխալ ճանապարհ ա:
Վարչապետն ընդգծել է՝ միջազգային զեկույցների համաձայն՝ դատական համակարգի բարեփոխումների ոլորտում Արևելյան գործընկերության երկրների շարքում Հայաստանը բացարձակ առաջատար է:
Հեղինակ՝ Վարդան Հովսեփյան