Հայաստանում մոտ 600 հուշարձան վերականգնման կարիք ունի, դրանցից 8-ը կվերականգնվի այս տարի: Մի քանիսի աշխատանքն արդեն սկսվել է: Հուշարձանների ընտրությունն իրականացվում է հրատապությունը հաշվի առնելով:
Հարություն Վանյան (ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ) - Այս տարի նախատեսված է ավարտել Սանահին վանական համալիրի Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի փոփոխությունը, նորոգումը, Տեղ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու նորոգումը և տարածքի բարեկարգումը, Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողարվեստի թանգարանի մասնաճյուղի հիմնանորոգումը, նաև Քոբայրավանքի սեղանատան վերականգնումը, Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հյուսիսային ավանդատան կից պատի նորոգումը, Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրիի վերստեղծումը, որը տարիներ առաջ գողացել էին Կոմիտասի անվան պանթեոնից:
Հարություն Վանյան - Երկու մեծ ծրագիր ունենք, որի համար երկու անգամ մրցույթ է հայտարարվել, սակայն մի դեպքում մասնակցիներ չեղան, երկրորդի դեպքում հաղթողներ չեղան, այսինքն՝ որոշակի չափորոշիչների չէին համապատասխանել մասնակիցները, և փաստը այն է, որ երկու անգամ բաց մրցույթի պարագայում հաղթող չճանաչվեց: Դրանցից մեկը Արագածոտնի մարզի Փարպի ծիրանավոր ամրոց եկեղեցին է, երկրորդը Այգեշատի թարգմանչաց եկեղեցին: Փորձելու ենք երրորդ անգամ մրցույթի դնել:
Նշված հուշարձանների վերականգնման համար մոտ 450 մլն դրամ է հատկացվել: Բացի հիշատակված ութից, նախարարության տրամադրած դրամաշնորհով «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»-ը նորոգելու է Զվարթնոց արգելոց թանգարանի տանիքը:
Վարչության պետի խոսքով՝ կան բազմաթիվ նախագծեր, որոնք տարբեր փորձաքննությունների կամ իրականացման փուլերում են, և հնարավոր է՝ անհրաժեշտ գործառույթներն իրականացնելուց հետո այս տարի այլ հուշարձանների վերականգնման աշխատանքներ ևս իրականացվեն:
Աշխատանքներում ներգրավել են նաև երիտասարդ մասնագետների:
Հովհաննես Սանամյան («Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ) - Այսօր հիմնական փորձառու վերականգնող ճարտարապետների միջին տարիքը, կարելի է ասել, 60-ի մոտ է, և այն երիտասարդները չկան, ինչու, որովհետև երբ մրցույթով անում են, այդ գումարները այնքան են, որ հնարավոր չի լինում երիտասարդներին էլ այդ նախագծերում ընդգրկել:
Մեկ այլ խնդիր էլ, ըստ մասնագետի, այն է, որ շինարարներին չի տրվում հատուկ արտոնագիր, ինչպես, օրինակ, հուշարձանների վերականգնումն իրականացնող ճարտարապետներին է տրամադրվում: Այս պարագայում հնարավոր է, որ առանձին դեպքերում հուշարձանների վերականագնման փորձ չունեցող շինարարը ներգրավվի գործընթացում:
Հեղինակ` Լիանա Խաչատուրյան