Հովհանես Բաչկովը 2-րդ հաղթանակն է տարել աշխարհի առաջնությունում։ Այդ մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի Ֆեդերացիայից:
1/8 եզրափակչում գյումրեցի մարզիկը մրցել է թուրք Կագան Կանլիի հետ։ Մրցակիցը ակտիվ է սկսել մենամարտը, բայց Բաչկովը իրեն հատուկ ուժգին ու ջարդող հարվածներով շատ արագ կանգնեցրել է թուրք մրցակցի առաջխաղացումը և սկսել է իր կամքը թելադրել։ Երկրորդ ռաունդում աշխարհի գործող բրոնզե մեդալակիրը ավելի տոտալ մենամարտ է անցկացրել ու մեծացրել առավելությունը։ 3-րդ ռաունդում թեև թուրք մարզիկը մի փոքր ակտիվացել է, բայց դա չի խանգարել Բաչկովին մենամարտը հասցնել հաղթական ավարտին։
Մեր մարզիկը 1/4 եզրափակչում է և ևս մեկ հաղթանակ տոնելու դեպքում կապահովի առնվազն բրոնզե մեդալ։