Սեռական բռնության խնդրին բախվելիս Հայաստանում շատերը չեն շտապում դիմել օգնության կամ բարձրաձայնել դրա մասին: Հարցը կրիտիկական է դառնում, երբ սեռական բռնության զոհ են դառնում անչափահասները: Սեռական բռնության ենթարկվածներին ավելի քան 15 տարի աջակցություն ցուցաբերող միակ ճգնաժամային կենտրոնի նախագահը նշում է, որ երեխայի գրագետ սեռական դաստիարակությունը չարիքի կանխարգելման միակ միջոցն է:
Տաթևիկ Աղաբեկյան (Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի նախագահ) - Մենք մինչ օրս 209 դեպքի հետ ենք աշխատել, որից 87-ը անչափահասներ են եղել, 5 անչափահաս հղիի դեպք ենք ունեցել: Շատ դեպքեր ենք ունեցել, որ երեխան չի գիտակցել իր հետ եղածը, քանի որ բավարար գիտելիք չի ունեցել նաև ֆիզիլոգիական փոփոխության հետ կապված:
Տաթևիկ Աղաբեկյանը նշում է, որ թե՛ չափահաս, թե՛ անչափահասների նկատմամբ բռնություն գործադրողը հիմնականում լինում է ծանոթ մարդ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երեխաների նկատմամբ բռնություն կիրառածների թվում բավականին մեծ տոկոս են կազմում բարեկամները, ազգականները, հարևանները:
Տաթևիկ Աղաբեկյան - Երեխայի նկատմամբ բռնությունը լինում է այնպիսի մարդու կողմից, որը երեխայի կյանքին լավ ծանոթ է, գիտի՝ ինչպես վախեցնի, ծնողների վերաբերմունքը, հարաբերությունները գիտի և այլն:
Հանրությունը միանշանակ չի ընդունում, երբ մարդիկ փորձում են խոսել իրենց հանդեպ սեռական բռնության մասին՝ ասում է սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի նախագահն ու փաստարկում՝ դրա վառ ապացույցը սոցիալական կայքերում կամ լրատվամիջոցներում նման դեպքերի արձագանքն է: Աղաբեկյանի խոսքով՝ Հայաստանում գործող միջազգային կառույցները լուրջ աշխատանք են տանում ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ, բայց եթե հասարակությունը փոքր-ինչ պայքարում է ընտանեկան բռնության դեմ, նույնը չի կարելի ասել սեռական բռնության մասին:
Տաթևիկ Աղաբեկյան - Կա կարծիք, որ ՀՀ-ում սեռական բռնության ենթարկված անձը ինքն է մեղավոր իր հետ կատարվածի համար, ու մենք մտածում էինք, որ դա կանանց է վերաբերում, բայց հետո ուսումնասիրությունը ցույց տվեց՝ նույն վերաբերմունքը կա նաև 13-14 տարեկան երեխաների նկատմամբ:
Տաթևիկ Աղաբեկյանը հիշեցնում է՝ սեռական բռնությունը արտահայտվում է հանրային վայրերում բառային ռեպլիկների, երբեմն՝ հաճոյախոսություն թվացող արտահայտությունների, հանրային վայրում հպումների, բռնաբարության միջոցով: Ցավալի է, բայց հստակ վիճակագրություն չկա, թե տարեկան քանի կին կամ երեխա է սեռական բռնության զոհ դառնում:
Հեղինակ՝ Լիլիթ Դանիելյան