ԲԱԽՄՈՒՏՈՒՄ ԿԱՏԱՂԻ ՄԱՐՏԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Բախմուտում կատաղի մարտեր են: Ուկրաինայի ԶՈՒ հատուկ գործողությունների ուժերի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ռուսական ուժերը մայիսի 5-ի երեկոյան Բախմուտում ֆոսֆորային և հրկիզող զինամթերք են կիրառել:
«Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինն էլ տեղեկացրել է, որ մասնավոր ռազմական ընկերության մարտիկները գրավել են քաղաքի շուրջ 90 տոկոսը: Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը գործում է համակարգված, հրետանային հարվածներ է հասցնում, մեծ թվով անօդաչու թռչող սարքեր կիրառում: «Մարտերը շարունակվում են առավոտից երեկո՝ առանց դադարի»,- ընդգծել է Պրիգոժինը։
Ավելի վաղ «Վագների» ղեկավարը հայտարարել էր, որ ռազմական ընկերության զինվորները ռազմամթերքի պակասի պատճառով մայիսի 10-ին կլքեն Բախմուտի դիրքերը՝ դրանք հանձնելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը: Նա մեղադրել է գերատեսչությանը և գլխավոր շտաբի պետին՝ նշելով, որ իրենց առանց որևէ հիմնավորման հրաժարվում են արկեր տրամադրել, ինչի հետևանքով «Վագները» մեծաթիվ զոհեր ունի: Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարն էլ տեղեկացրել է, որ երկրի զինված ուժերը Բախմուտի ուղղությամբ ոչնչացրել են Վագների զինամթերքի պահեստները։
ԽԵՐՍՈՆԻ ԵՎ ԶԱՊՈՐՈԺԻԵԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐՀԱՆՎՈՒՄ Է
Ուկրաինական աղբյուրները հայտնում են, որ ռուսական կողմն սկսել է Խերսոնի և Զապորոժիեի շրջանների բնակչության տարհանումը՝ Ուկրաինայի Զինված ուժերի հնարավոր հակահարձակմանն ընդառաջ։ Նշվում է, որ որոշ բնակավայրեր արդեն ամբողջությամբ դատարկվել են: Ռուսական լրատվականներն էլ հայտնում են՝ վերջին օրերին ակտիվացած գնդակոծությունների պատճառով Զապորոժիեի շփման գծի բնակավայրերից բնակչության տարհանումն իրականացվում է կամավոր, համընդհանուր հարկադիր տարհանման մասին խոսք չկա:
ԲԵԼԱՌՈՒՍԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՍԱՀՄԱՆԵԼ ՌԴ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻՆ
Բելառուսը ժամանակավոր հսկողություն է սահմանել Ռուսաստանի հետ սահմանին՝ վիզաների փոխադարձ ճանաչման մասին երկկողմ համաձայնագրի շրջանակում՝ ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է հանրապետության պետական սահմանային կոմիտեն։
Կառույցից մանրամասնել են, որ ուղղակի ստուգումներ են անցկացնում, սահմանին հերթեր չեն նկատվում: Լրատվականը նշում է, որ նախկինում Բելառուսի սահմանապահ ծառայությունները ռուս-բելառուսական սահմանին հսկողություն չեն իրականացրել։
Մինչ այդ, մի շարք լրատվամիջոցներ գրում են, որ Ռուսաստանից Բելառուս սահմանային անցակետերում հերթեր են գոյացել, սահմանապահները ստուգում են մասնավորապես Ռուսաստանի քաղաքացիների անձնագրերը:
ՍԻՐԻԱՅՈՒՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԵՆ. ՌԱՅԻՍԻ
Իրանի նախագահն ամփոփել է օրերս Սիրիա կատարած աշխատանքային այցի արդյունքները: Էբրահիմ Ռայիսիի խոսքով՝ Սիրիայում բանակցությունները շրջադարձային են երկկողմ հարաբերությունների ընդլայնման և տարածաշրջանի զարգացման տեսանկյունից:
Ռայիսին տեղեկացրել է, որ Դամասկոսում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ մի քանի հանդիպումների ընթացքում հիմնականում քննարկել են ֆինանսական և առևտրային հարցեր: Նրա խոսքով՝ երկրներն այսուհետ էլ ավելի կխորացնեն շփումներն առևտրային, քաղաքական և անվտանգային հարցերում:
Իրանի նախագահը հիշեցրել է, որ Սիրիայում գործակցության ընդլայնման 15 փաստաթուղթ է ստորագրվել, այդ թվում՝ էներգետիկայի, գյուղատնտեսության, արդյունաբերության և այլ ոլորտներում։
ՍՈՒԴԱՆՈՒՄ ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԿՈՂՄԵՐԸ ԿԲԱՆԱԿՑԵՆ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅՈՒՄ
Սուդանի բանակը և արագ արձագանքման ուժերը, որոնց միջև ապրիլի 15-ից կատաղի մարտեր են, Ջիդդա քաղաքում բանակցություններ կանցկացնեն: Երկրի Զինված ուժերի պատվիրակությունն արդեն մեկնել է Սաուդյան Արաբիա։ Նախատեսվում է, որ քննարկումների օրակարգում կլինեն հրադադարի ռեժիմի պահպանման հնարավորությունը, ինչպես նաև Սուդանի քաղաքացիների առջև ծառացած հումանիտար խնդիրների շուտափույթ լուծումը: Ստեղծված ճգնաժամային իրավիճակը կարգավորելու հարցում որպես միջնորդ են հադես եկել Միացյալ Նահանգները և Սաուդյան Արաբիան:
Վերջիններս ողջունել են փաստը, որ կողմերը պատրաստ են առաջ շարժվել խաղաղ կարգավորման ճանապարհով: ԱՄՆ պետքարտուղարությունը տեղեկացրել է, որ Սուդանի կանոնավոր բանակի և հատուկ ջոկատայինների միջև քննարկումները հնարավոր են դարձել նաև Մեծ Բրիտանիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Արաբական պետությունների լիգայի, Սուդանում ՄԱԿ-ի առաքելության և Աֆրիկյան միության ջանքերով: