Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության նախագիծը:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ոլորտում առկա ներկա վիճակին, արտադրանքի և արտահանման ծավալներին, առկա ներուժի իրացմանը, ոլորտի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը: Նշվել է, որ ռազմավարության նպատակներն են՝ երկրաբանական միասնական թվային տեղեկատվական շտեմարանների ստեղծումն ու վարումը, ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում արդյունավետ որոշումների կայացումը, հանքարդյունաբերության ոլորտում միջազգային ստանդարտների և մոտեցումների կիրառումը: Կարևորվել է հանքերի ապօրինի շահագործման դեմ հետևողական պայքարն ու այդ նպատակով հստակ մեխանիզմների ներդրումն ու կիրառումը, պոչամբարների արդյունավետ կառավարումը:
Վարչապետը հանձնարարել է քննարկման ընթացքում ներկայացված առաջարկությունները հաշվի առնելով՝ լրամշակել ռազմավարության նախագիծը և այն ներկայացնել կառավարության հաստատմանը: