ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱԶԲԵԳԻ-ՎԵՐԻՆ ԼԱՐՍ ԱՆՑԱԿԵՏՈՒՄ
Կազբեգի-Վերին Լարս անցակետում մայիսի 5-ից Վրաստանի իշխանությունները թեթև մարդատար ավտոմեքենաների համար նախատեսված առկա ելքերը մեկ ամսով կփակվեն՝ նոր ուղիներ ավելացնելու նպատակով ընթացող շինարարական և վերականգնողական աշխատանքներով պայմանավորված, հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարությունից: Թեթև մարդատար ավտոմեքենաների տեղաշարժը ժամանակավորապես կիրականացվի բեռնատարների համար նախատեսված պահեստային ելքերով: Մաքսակետով մարդկանց տեղաշարժը կապահովվի սովորական ռեժիմով՝ առանց որևէ խոչընդոտի։
ԿԻԵՎՈՒՄ ԱԹՍ Է ԽՈՑՎԵԼ
Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերը Կիևում անօդաչու թռչող սարք են խոցել: Լրատվամիջոցների տվյալով՝ այն պատկանել է Ուկրաինայի զինված ուժերին և տեխնիկական խնդիրների պատճառով դուրս է եկել վերահսկողությունից:
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն տեղեկացրել է քաղաքի հարավ-արևմուտքում գտնվող Սոլոմենսկի թաղամասում պայթյունի և հրդեհի մասին։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։
ՌԴ ՆԱՎԹԱՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ ՀՐԴԵՀ Է ԲՌՆԿՎԵԼ
Կրասնոդարի երկրամասի «Իլսկի» նավթավերամշակման գործարանի տարածքում այս շաբաթ արդեն երկրորդ անգամ անօդաչու թռչող սարքի պատճառով հրդեհ է բռնկվել՝ հայտնել են Ռուսաստանի արտակարգ ծառայությունները։ Հրդեհն արդեն մարվել է, տուժածներ չկան։
Ռուսական կողմը տեղեկացրել է, որ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերն անօդաչու թռչող սարք են խոցել նաև Սևաստոպոլի Բելբեկ օդանավակայանի շրջակայքում: Տուժածների մասին տեղեկություններ ևս չկան:
ՌԴ-Ն ՄԵԾ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ՊԵԿԻՆԻ ԾՐԱԳՐԻՆ. ԼԱՎՐՈՎ
Ռուս-ուկրաինական ճգնաժամի կարգավորումը և Մոսկվա-Պեկին հարաբերությունների զարգացման դինամիկան Հնդկաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստում քննարկել են Ռուսաստանի և Չինաստանի գլխավոր դիվանագետներ: Ցին Գանը նշել է, որ Պեկինը պատրաստ է իր ներդրումն ունենալու պատերազմը դադարեցնելու գործընթացում և հորդորում է վերսկսել Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ բանակցությունները:
Լավրովն արձագանքել է. Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս Պեկինի խաղաղության ծրագրին։ «Մոսկվան պատրաստ է սերտ կապեր պահպանելու Պեկինի հետ այս հարցով»,- վստահեցրել է ՌԴ արտգործնախարարը։
ԱՄՆ-Ն ԱՐԴԵՆ ՎԱՂՈՒՑ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԿՈՂՄ Է. ՌՅԱԲԿՈՎ
Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում են բաց զինված հակամարտության եզրին, սակայն Մոսկվան ջանքեր է գործադրում, որ դա տեղի չունենա՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Նա հավելել է՝ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև, այնուհանդերձ, շփումներ անցկացվում են, այդ թվում՝ բարձր մակարդակով՝ ըստ անհրաժեշտության։
Ռուս դիվանագետը կարծիք է հայտնել, թե ամերիկյան կողմը փորձում է համաշխարհային լրատվամիջոցներում առաջ քաշել այն թեզը, թե Վաշինգտոնը կապ չունի օրերս Կրեմլի վրա ԱԹՍ-ի հարձակման հետ։
«Միացյալ Նահանգներն արդեն վաղուց ուկրաինական հակամարտության անմիջական կողմ է և ուզում է ոչնչացնել ինքնիշխան Ռուսաստանը։ Մենք պատրաստ ենք օգտագործելու բոլոր միջոցները՝ կանխելու ցանկացած ոտնձգություն Ռուսաստանի և նրա ղեկավարության անվտանգության դեմ»,- զգուշացրել է փոխնախարարը։
ԻՐԱՆԸ ՉԻ ԲԱՎԱՐԱՐՎԻ ՄԵԿ ԱՏՈՄԱՅԻՆ ՌՈՒՄԲՈՎ. ԻՍՐԱՅԵԼ
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, թե Իրանն արդեն հարստացված ուրանի անհրաժեշտ պաշար ունի, որը բավարար է ատոմային ռումբ ստեղծելու համար։ «Իրանը չի բավարարվի մեկ ռումբով։ Իրանի ունեցած պաշարներով կարելի է հինգ միջուկային ռումբ ստեղծել»,- ասել է Յոավ Գալանտը։ Նա զգուշացրել է՝ Իսրայելը կօգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներն Իրանում միջուկային զենքի ստեղծումը կանխելու համար։ Նախարարը նաև ընդգծել է, որ իսրայելական կողմը թույլ չի տա Թեհրանին ամրապնդել ռազմական ներկայությունը Սիրիայում և երթուղիներ բացել՝ Լիբանան ժամանակակից զենք մատակարարելու համար։
Ավելի վաղ Իրանի նախագահը հայտարարել էր՝ Իսրայելը «պետք է հասկանա, որ չի կարող դիմակայել Իրանին»։ Էբրահիմ Ռայիսին զգուշացրել է՝ եթե Իսրայելը թեկուզ փոքր քայլ անի Իրանի դեմ, Թեհրանը համարժեք պատասխան կտա: Իրանական կողմը բազմիցս հերքել է միջուկային զենք ստեղծելու մեղադրանքները՝ պնդելով, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի:
ԳՈՐԾԱԴՈՒԼ ՀՈԼԻՎՈՒԴՈՒՄ
Հոլիվուդի կինոյի և հեռուստատեսության սցենարիստներն արդեն 3 օր է՝ գործադուլ են անում: Պատճառն այն է, որ Ամերիկայի սցենարիստների միությունը և հոլիվուդյան ամենահայտնի ստուդիաները չեն կարողանում համաձայնության գալ աշխատավարձերի շուրջ։ Միության վիճակագրության համաձայն՝ հեռուստասերիալների հեղինակների մեծ մասն այժմ աշխատում է նվազագույն աշխատավարձով։
Վերջին անգամ նման գործադուլ է տեղի ունեցել 15 տարի առաջ, տևել 100 օր և Կալիֆոռնիայի տնտեսության համար ավելի քան 2 միլիարդ դոլար արժեցել: