ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐՆ ՈՒ ԲԵԼԳԻԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
Նիդերլանդներն ու Բելգիան կշարունակեն ամեն հարցում լինել Ուկաինայի կողքին՝ հայտարարել են Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն և Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոն Հաագայում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում։
«Նիդերլանդները գործընկերների հետ աշխատում է Ուկրաինային F-16 կործանիչներ մատակարարելու տարբերակների վրա: Մենք Բելգիայի և Դանիայի հետ ջանքեր ենք գործադրում, որպեսզի ավարտին հասցնենք F-16-երի մատակարարման շուրջ քննարկումները», - հայտարարել է Ռյուտեն:
Բելգիայի վարչապետն էլ նշել է, որ Բելգիան Ուկրաինայի համար ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում: Ալեքսանդր դե Կրոն նշել է, որ Կիևին օգնելու հարցում պատրաստակամ են իր երկրի բոլոր քաղաքացիները:
ԼԱՎՐՈՎԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՇՀԿ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հնդկաստանում է՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության նախարարական հանդիպմանը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ կազմակերպության բարձրաստիճան դիվանագետները կքննարկեն հուլիսի 3-4-ը Նյու Դելիում սպասվող Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների հանդիպման օրակարգը։ Նախարարների հավաքի օրակարգում նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ զարգացումներն են։ Այցի ընթացքում Սերգեյ Լավրովը երկկողմ հանդիպումներ է ունեցել Հնդկաստանի և Չինաստանի արտգործնախարարների հետ:
ԵՄ-Ն 30 ՄԼՆ ԵՎՐՈ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՎՐԱՍՏԱՆԻՆ, 40՝ ՄՈԼԴՈՎԱՅԻՆ
Եվրամիությունը 30 մլն եվրո կհատկացնի Վրաստանի պաշտպանության ոլորտին աջակցելու նպատակով: 40 մլն եվրո էլ կտրամադրվի Մոլդովայի զինված ուժերին: ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը նշել է, որ այս օժանդակությամբ ԵՄ-ն շարունակում է աջակցել Մոլդովայի զինված ուժերի և Վրաստանի պաշտպանության ուժերի կարողությունների արդիականացմանը։
ՍՈՒԴԱՆՈՒՄ ՎԵՐՍԿՍՎԵԼ ԵՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ
Սուդանի մայրաքաղաքում և հարակից Օմդուրման և Բահրի քաղաքներում վերսկսվել են կատաղի մարտերը: Ավելի վաղ երկրի բանակի և արագ արձագանքման ջոկատների միջև հրադադարի հաստատման մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել: Լրատվամիջոցները հայտնում են, որ Սուդանի բանակը փորձում է արագ արձագանքման ջոկատների զինծառայողներին դուրս մղել նախագահական նստավայրից, զինված ուժերի կենտրոնակայանի տարածքից և վերահսկողության տակ առնել կարևոր նշանակության մի քանի կառույց: Միավորված ազգերի կազմակերպությունը նախազգուշացրել է, որ վերսկսված մարտերը կարող են հումանիտար լուրջ աղետի պատճառ դառնալ, ինչը կտարածվի նաև այլ երկրների վրա: